Մակրոնը զարմացել է Փաշինյանի խոսքերից, որ Մուրադ Փափազյանի մուտքը Հայաստան արգելվել է հանրահավաքի պատճառով
26 Փետրվարի 2025, 17:53
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը լրագրողների հետ զրույցում բացահայտել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայացած հանդիպման մանրամասները, որին ներկա է եղել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Փափազյանի խոսքով՝ Ֆրանսիայի նախագահ Մակրոնի ներկայությամբ ինքը վարչապետին հարցրել է, թե ինչու է իրեն արգելվել մուտք գործել Հայաստան, ինչին ի պատասխան Փաշինյանը հայտարարել է, որ հենց ինքն է արգելել իր մուտքը:
«Ես արգելեցի Ձեր մուտքը Հայաստան, քանի որ 2021 թվականին Փարիզում իմ դեմ ցույց եք կազմակերպել»,- ասել է Փաշինյանը։
Փափազյանը հերքել է վարչապետի խոսքերը՝ նշելով, որ հանրահավաքներ կազմակերպելն իր գործը չէ։
«Փաշինյանը պնդում էր, ես հերքում էի։ Հետո ասացի, որ կարող եմ ազատ հանրահավաք կազմակերպել Ֆրանսիայում։ Եւ եթե դուք այնքան անպատասխանատու եք, որ Ֆրանսիայի նախագահի ներկայությամբ հայտարարում եք, որ արգելել եք իմ մուտքը, քանի որ ես հանրահավաք էի անում, ապա դա նշանակում է, որ Հայաստանը ժողովրդավար երկիր չէ»,- ասել է Փափազյանը։