ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Արցախի Հանրապետության նախկին ղեկավարության շինծու դատավարությունը Բաքվում
01 Մարտի 2025, 18:17
ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանել են այն հարցը, որ Ռուբեն Վարդանյանն ու Արցախի նախկին ղեկավարները ՌԴ քաղաքացիներ չեն, բայց հաշվի առնելով հակամարտության կարգավորման գործում Ռուսաստանի միջնորդությունը և ռուս խաղաղապահների համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ, կարո՞ղ է արդյոք Մոսկվան օգնել ազատ արձակել այդ մարդկանց, որոնց իրավունքներն այժմ կոպտորեն խախտվում են, իսկ նրանց նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների կողմից առաջադրված մեղադրանքներն անուղղակիորեն առնչվում են նաև Ռուսաստանին:
«Ինչպես իրավացիորեն նշվեց, տվյալ անձինք Ռուսաստանի քաղաքացիներ չեն։ Վստահ ենք, որ հայ-ադրբեջանական երկկողմ բանակցությունների օրակարգում հումանիտար հարցերի ընդգրկումը կնպաստի Բաքվի և Երևանի միջև վստահության մթնոլորտի ձևավորմանը։
Մեր հերթին հաստատում ենք հավատարմությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների եռակողմ պայմանավորվածություններին, այդ թվում՝ այնպիսի հարցերի լուծման անհրաժեշտության մասին, ինչպիսիք են փախստականների իրավունքների հարգումը, պատմամշակութային և կրոնական ժառանգության պահպանումը, ռազմական գործողությունների ընթացքում անհայտ կորածների որոնումը, կալանավորների փոխանակումը: Մենք պատրաստ ենք մեր ադրբեջանցի և հայ գործընկերներին տրամադրել անհրաժեշտ օգնությունը»,- ասված է ՌԴ ԱԳՆ տարածած հայտարարության մեջ: