Աբխազիայի հայերի հասցեին սպառնալիքների գործով նոր կասկածյալներ են հայտնվել․ ՌԴ ՔԿ

02 Մարտի 2025, 13:20

Քաղաքականություն

Ռուսաստանի Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ Աբխազիայի ընտրատեղամասի վրա հարձակման դեպքից հետո։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ՔԿ պաշտոնական ներկայացուցիչ Սվետլանա Պետրենկոն։

Նրա խոսքով՝ Աբխազիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլի և դրան հաջորդած ձայների հաշվարկի ժամանակ նոր հարձակումներ են տեղի ունեցել։ «Արձանագրվել է կյանքին սպառնացող և կամարտահայտմանը խոչընդոտելու մի քանի դեպք, մասնավորապես՝ քվեատուփերը վնասելու միջոցով։ Մի դեպքում կրակ է բացվել իրավապահների վրա»,- ասել է Պետրենկոն։

ՌԴ Քննչական կոմիտեից նաև հայտնել են, որ արդեն իսկ քննվում է Աբխազիայում բնակվող ռուսաստանցիների, հայերի և աբխազների դեմ ուղղված սպառնալիքների փաստը։ Կոմիտեից նշել են նաև, որ նոր կասկածյալներ են հայտնվել։

Ռուսաստանի Քննչական կոմիտեի տվյալներով՝ ոչ ուշ, քան փետրվարի 16-ը, համացանցում են հայտնվել այդ ազգությունների մարդկանց հետապնդման, նրանց նկատմամբ զանգվածային բռնաճնշումների և այլ անօրինական գործողությունների մասին փաստեր, այդ թվում՝ հայերի նկատմամբ բռնություն կիրառելու կոչեր։ Հարուցվել է քրեական գործ՝ բռնության սպառնալիքով ատելություն և թշնամանք հրահրելու դեպքի առթիվ։