Լյոխ լավա լինելու. Ռուբեն Վարդանյանը ուղերձ է հղել Բաքվի բանտից

07 Մարտի 2025, 12:21

Քաղաքականություն

Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից ընտանիքի միջոցով աուդիոուղերձ է փոխանցել՝ հեռախոսազրույցի ժամանակ խնդրելով ձայնագրել իրեն և հրապարակային դարձնել այն: Նա խաղաղության կոչ է հղել՝ հիմնված մարդկային հիմնարար արժեքների և արժանապատվության վրա.

«Առաջին  հերթին, ցանկանում եմ բոլորիդ շնորհակալություն հայտնել՝  մտքերով, աղոթքներով, նամակներով ինձ աջակցելու, այստեղ կատարվողի նկատմամբ անտարբեր չլինելու համար: Ես դա զգում եմ, ու դա ինձ ուժ է տալիս: Միտքը նյութական է: Ես լավ վիճակում եմ, ամուր եմ, առողջությունս նորմալ է, ինքս ինձ հետ հաշտ եմ ու ոգով ուժեղ, ինչպես երբեք: Ես շատ երջանիկ  մարդ եմ: Աստված ինձ հրաշալի ընտանիք, ընկերներ է տվել: Ես հսկայական թվով նախագծեր եմ իրականացրել իմ յուրահատուկ գործընկերների հետ: Ես շատ բան եմ տեսել աշխարհում:

Բայց չնայած բոլոր դժվարություններին, շրջափակմանը, ապագայի անորոշությանը, ծանր պայմաններին, դրանք  իմ կյանքի լավագույն օրերից էին. մենք միասին վերականգնում էինք Հակոբավանքը, հաց էինք կիսում և պարում մեր պարերը:

Ես լավատես եմ և հավատում եմ, որ չնայած այս ամենին, հաղթահարելու ենք բոլոր մարտահրավերներն ու դժվարությունները, և նորից ապրելու ենք մեր հայրենիքում՝ հարևանների հետ խաղաղությամբ, հարգելով միմյանց: Հավատում եմ, որ  կհաղթահարենք փոխադարձ թշնամանքն ու կուտակված ատելությունը, ինչպես դա ստացվել է որոշ ժողովուրդների մոտ:

Բայց եթե մենք ուզում ենք դա իսկապես անել, մեզ պետք է իրական երկարաժամկետ խաղաղություն՝ ոչ թե թղթի վրա ստորագրված, այլ կյանքի կոչված: Մենք պետք է հիշենք, որ մեզ ոչ ոք ոչնչով պարտական չէ, որ միայն ուժեղ մարդկանց հետ, էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել»,- ասել է Ռուբեն Վարդանյանը:

Նա վերջում Արցախի բարբառով ասել է՝ լյոխ լավա լինելու: