Իտալական «Gaeta. It» հարթակը Հայաստանն անվանել է արկածների վայր
14 Մարտի 2025, 19:25
Հայաստանն արժանացել է «PATWA» (Ասիա-Խաղաղօվկիանոսյան զբոսաշրջության ասոցիացիա) միջազգային զբոսաշրջային մրցանակին «Արկածային զբոսաշրջություն» անվանակարգում։ Այս մասին գրել է իտալական «Gaeta. It» հարթակը Հայաստանի զբոսաշրջությանը նվիրված հոդվածում։
«Նրա տպավորիչ լեռները, գեղատեսիլ արշավային արահետներն ու բաց երկնքի տակ սպորտով զբաղվելու հնարավորությունները, ինչպիսիք են ժայռամագլցումը և պարապլանով թռիչքը, Հայաստանը դարձնում են հանրաճանաչ նրանց համար, որոնք փնտրում են բնության մեջ հետաքրքիր փորձություններ», — գրում են հեղինակները:
Հայաստանի բնության հրաշալիքների թվում լրագրողները հիշատակել են Սևանա լիճն ու Դիլիջանի անտառները, պատմության սիրահարներին առաջարկել են այցելել Գեղարդ և Էջմիածնի Մայր տաճար, իսկ գուրմաններին՝ տեղական ռեստորաններ և շուկաներ:
Հիշեցնենք, որ PATWA International Awards միջազգային մրցանակը վերջին 20 տարիների ընթացքում ամեն տարի շնորհվում է Ասիա-Խաղաղօվկիանոսյան զբոսաշրջության ասոցիացիայի (PATWA) կողմից՝ մասնավոր անձանց, զբոսաշրջության զարգացմամբ զբաղվող կազմակերպություններին, պետական անձանց, նախարարություններին և այլ ծառայություններ մատուցողներին: