ՀՀ իշխանությունները կարող են ուժեղացնել եվրոպական բանաձևերի ազդեցությունը. Սոնա Լախոյան Օլիվիե

14 Մարտի 2025, 21:45

Քաղաքականություն

Կանադայի Քվեբեկ նահանգի խորհրդարանի երեսփոխան Սոնա Լախոյան Օլիվիեն Alpha News-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել Բաքվում ապօրինաբար պահվող հայ պատանդների վերաբերյալ Կանադայի դիրքորոշման մասին:

«Կանադայի վարչապետի փոփոխությունը կարող է ազդել երկրի արտաքին քաղաքականության վրա: Կանադան ավանդաբար աջակցում է մարդու իրավունքների պաշտպանությանը ու միջազգային սկբունքների պահպանմանը: Նոր վարչապետը հավանաբար պիտի շարունակի տանել քաղաքական այս գիծը, որը կներառի նաև Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը»,- նկատել է մեր զրուցակիցը:

Նա ասել է, որ Կանադան ԱԳ նախարարի մակարդակով միշտ էլ կոչ է արել ազատ արձակել հայ ռազմագերիներին:

«Կանադայի ԱԳ նախարար Մելանի Ժոլին հայտարարել է, որ Կանադան պահանջում է ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, նա կոչ է արել ազատ արձակել բոլոր այն հայերին, որոնք բանտարկված են Ադրբեջանում: Անշուշտ, երբ Մելանի Ժոլին է խոսում, նշանակում է՝ խոսում է Կանադայի կառավարությունը: Ջասթին Թրյուդոյի կառավարությունն էլ է արտահայտել իր մտահոգությունը Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցի առնչությամբ: Կանադայի նոր վարչապետը՝ Մարկ Քարնին էլ պիտի շարունակի այդ քաղաքականությունը»,- ասել է մեր զրուցակիցը:

Սոնա Լախոյան Օլիվիեն նաև ընդգծել է, որ Կանադան աջակցում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները՝ տարածաշրջանում արդար ու կայուն խաղաղության հասնելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում: