Չկա գյուղնախարարություն, լուծումներն էլ իրավիճակային են. Լիլիա Ամիրխանյան
28 Հունիսի 2023, 18:19
Մասնագետները մի քանի գործոն են առանձնացնում, որոնց հետեւանքով արեւահամ ծիրանն այս տարի ավելի էժան ենք համտեսում: Alpha News-ի հետ զրույցում «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը եղանակային պայմանների, պետական սուբսիդավորում ստացող ուզբեկական ծիրանի մրցակցային առավելության կողքին նշում է նաեւ բեռնափոխադրման խնդիրն ու ռուբլու փոխարժեքի անկումը:
«Գործոնները մի քանիսն են, բայց եթե խնդրին մոտենանք համակարգային, ոչ մի նոնսենս չկա դրանում»,- նկատում է Լիլիա Ամիրխանյանը՝ հավելելով, որ լոգիստիկ խնդիրները միանգամայն կանխատեսելի էին՝ պայմանավորված վառելիքի թանկացումով:
Սրան գումարվել են եղանակային պայմանները՝ այնպես է ստացվել, որ հայկական և ուզբեկական շալախը միևնույն ժամանակ են հայտնվեցին շուկայում: Վերջին տարիներին, ըստ Ամիրխանյանի, ականատես ենք եղել և՛ խաղողի, և՛ կարտոֆիլի, և՛ ծիրանի մթերման խնդիրներին: Մասնագետը շեշտում է, որ ոլորտը պետական հոգածությունից դուրս է մնացել:
«Այն ինչին ականատես ենք լինում վերջին տարիներին, ոչ այլ ինչ է, քան իրավիճակային քաղաքականություն: Խնդիրը կլինի, կտեսնենք, կփորձենք լուծումը տալ»,- պետական մոտեցումը գյուղատնտեսական խնդիրներին մասնագետն այսպես է բնորոշում:
Պետությունը, փորձագետի խոսքով , 2018-ից սկսած, հարկ չհամարեց ունենալ գյուղատնտեսության նախարարություն, որը իր գործիքակազմով և ինստիտուցիոնալ հիշողությամբ կփորձեր լուծել գյուղացու խնդիրները: Նշենք, որ ծիրանն այս տարի աննախադեպ մատչելի՝ առնվազն 200 դրամով է վաճառվում շուկայում: