Երեխաներն իրենց շուրթերով ազդակ են փոխանցում մարդկանց, որ սիրեն Արցախը. Սրբուհի Բալայան
29 Հունիսի 2023, 08:54
«Դիզակ Արտ» մշակութային, երիտասարդական կենտրոնում Հադրութից տեղահանված երեխաները «Ես շուռ եմ տալիս աշխարհը» ներկայացման առաջնախաղին պատմել են իրենց կարոտի, հիշողությունների մասին։
«Aysor.am»-ի փոխանցմամբ, Հադրութեցի բեմադրիչ Սրբուհի Բալայանը ասում է՝ համակարծիք չէ, թե երեխաներին պետք է զերծ պահել պատերազմ հիշեցնող ամեն ինչից, որ իրենց ներկայությամբ չպետք է խոսել պատերազմի մասին: Նա երեխաների հետ շփումների առաջին պահից հասկացել է՝ փոքրերը խոսելու կարիք ունեն։
«Մտավարժանքներ էինք անում, երեխաները մտովի հասնում էին Հադրութ՝ ամեն մեկն իր տուն, իր սենյակ, երեխաներն այդ մտավարժանքն ուզում էին անել ամեն դասին, որ գոնե մտովի կարողանան տեղափոխվել Արցախ, գոնե այդպես կարոտն առնեն։
Երեխաները պատմում էին իրենց ապրումների մասին, լաց լինում, հետո վայրկյան անց այնպես պահում իրենց, կարծեք՝ իրենք չէին պատմողները, իրենցը չէին այդ պատմությունները։ Հասկացա, որ պիտի հնարավորություն տամ երեխաներին պատմել իրենց հիշողությունների մասին հանդիսատեսին՝ ոչ թե հուզելու համար, այլ հատկապես ցույց տալու՝ ինչպես են կարողանում տխուր ապրումները վերապրել հումորով, դրական տրամադրվածությամբ։ Այս ներկայացումը բեմադրելիս նպատակ ունեի նաև միջնորդ դառնալ երեխաների ու ծնողների միջև, երեխաները հաճախ ամաչում են պատմել իրենց ապրումների մասին, ծնողները հնարավորություն չունեն ծանոթանալու իրենց երեխաների հույզերին։
Ներկայացման ամբողջ ընթացքում իմ առջև նստած տղամարդը լաց էր լինում, իսկ Արցախի տղամարդիկ խիստ հազվադեպ են իրենց էմոցիաներն արտահայտում»,-ասում է նա։ Բեմադրիչն ակնկալում է, որ երեխաների ներկայացումն ավելի շատ մարդ կդիտի, հատկապես նրանք, որ անհաղորդ են Արցախում կատարվողին։
«Ես հավատում եմ, որ այս ներկայացումը կօգնի մարդկանց ավելի բարի, ավելի կարեկից դառնալ, զգացում ունեմ, որ այս երեխաներին լսելով՝ մեծահասկաներն ավելի աչալուրջ կլինեն Արցախում տեղի ունեցողին։ Երեխաներն իրենց շուրթերով ազդակ են փոխանցում մարդկանց, որ սիրեն Արցախը, իսկ մեծահասակները պիտի շատ սիրեն Արցախը, թեկուզ միայն նրա համար, որ երեխաներն այդպիսի ապրումներ են ունեցել»։