Հայկական տոլման ու մանթին դուր են եկել բրիտանացիներին. «Լուսին» ռեստորանը Michelin Guide-ի ուղեցույցում է
30 Հունիսի 2023, 00:51
Հայկական խոհանոցի «Lusin» ռեստորանը ընդգրկվել է հունիս ամսվա Michelin ուղեցույցում։
Հեղինակավոր Michelin Guide-ի տեսուչները հունիսին կիսվել են իրենց սիրելի նոր բրիտանական ռեստորաններով: Նրանք անվանել են 11 ռեստորան, այդ թվում՝ հայկական, իսպանական, իտալական եւ ճապոնական խոհանոց:
«Լոնդոնի հեղինակավոր Մեյֆեր թաղամասում գտնվող այս ռեստորանը հաճելի վայր է բացահայտելու հայկական խոհանոցը։ Ճաշացանկում հայկական տոլմա է, մանթի, ինչպես նաեւ որոշ լիբանանյան ուտեստների միախառնում»,- նշել են Michelin-ի տեսուչները։
Ինչպես ավելի վաղ գրել էր NEWS.am STYLE-ը, «Լուսինը» կարեւոր ու առանցքային քայլ է Լոնդոնում հայկական մշակույթի ինտեգրման եւ երկրի մասին ոչ հայերին իրազեկելու գործում։ Հաստատությունը տարածք է ստեղծել Լոնդոնի հայ համայնքի համար։
«Հայ համայնքն այժմ ունի մի տեղ Լոնդոնում, որտեղ կարող են իրենց զգալ ինչպես տանը», — ասել է Լուսինի գործառնությունների ղեկավար Մոհամմադ Ռաշվանին: