«Գիտելիք» ընկերությունը Հաղթանակի 80-ամյակին նվիրված կրթական մարաթոն կանցկացնի

01 Ապրիլի 2025, 17:07

Կրթություն

Ռուսաստանի «Գիտելիք» ընկերությունը ապրիլի 28-30-ը կանցկացնի «Գիտելիք. Առաջինը» խորագրով մարաթոնը, որի գլխավոր թեման կլինի Մեծ հաղթանակի 80-ամյակը։ Երիտասարդների հետ ուղիղ երկխոսության հարթակներ նախատեսվում է բացել ՌԴ բոլոր դաշնային շրջաններում։

Ավանդաբար, միջոցառման կենտրոնական հարթակը կլինի Մոսկվան, դրան կմիանան Ռուսաստանի շրջանները, որոնց թվում կլինեն հերոս քաղաքները, ինչպես նաև երկրի նոր շրջանները։ Դասախոսները կպատմեն Հայրենական մեծ պատերազմի պատմության մասին, կհիշեցնեն երիտասարդներին այն մասին, թե որքան կարևոր է պահպանել ժողովրդի սխրանքի պատմական հիշողությունը՝ ընդհանուր ապագա կառուցելու համար: Մարաթոնի երեք օրերի ընթացքում մասնակիցները կկարողանան անձամբ շփվել երկրի առաջին դեմքերի հետ բոլոր ոլորտներից: Նախատեսվում է նաև օտարերկրյա խոսնակների մասնակցություն։

Դասախոսությունների միջև ընկած ժամանակահատվածում մասնակիցները կարող են հանդիպել բլոգերների հետ, շահել մրցանակներ կազմակերպչի և գործընկերների կողմից անցկացվող մրցույթներում: Կրթական մարաթոնին կհավաքվեն ավելի քան 25 հազար երիտասարդներ։ Նրանց սպասում են «Գիտելիք» ընկերության դասախոսների ավելի քան 130 ելույթներ։

Մարաթոնի նախօրեին «Գիտելիք» ընկերությունը նախատեսում է հատուկ թեմատիկ միջոցառումներ անցկացնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ: Դրանց թվում են էքսկուրսիաներ դեպի հիշարժան պատմական վայրեր, կրթական ակցիա Ռուսաստանի մարզերում հաղթանակի հիմնական իրադարձությունների և հերոսների մասին: