Նիկոլ Աղաբաբյանը վերադառնում է հայրենի Տավուշ

30 Ապրիլի 2025, 18:48

Հայեր | Մշակույթ

Նորթ Հոլիվուդի նորաբաց Gallery Art Club-ում տեղի է ունեցել գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանի աշխատանքների ցուցահանդեսը, որը, հեղինակի խոսքով, վերջին ցուցահանդեսն էր Լոս Անջելեսում: Բացման խոսքում Նիկոլ Աղաբաբյանը հայտնեց, որ վերադառնում է Հայաստան և կտավների վաճառքից ստացած գումարը ուղղելու է հարազատ Կողբ գյուղում արվեստի տան կառուցմանը:

Հայաստանի վաստակավոր արտիստ Հասմիկ Հարությունյանը ուրախ է ցուցահանդեսի առիթով, ասում է՝ այս տաղտուկ միջավայրում Նիկոլի գույները շատ կարևոր են, բայց ավելի ուրախ է Նիկոլի՝ Հայաստան վերադարձով:

Բժշկուհի Իրինա Հարությունյանն էլ թոշակի անցնելուց հետո է սկսել նկարել և այդ ժամանակ է ծանոթացել վարպետի հետ, սիրահարվել նրա գույներին: Ասում է՝ մեր յուրաքանչյուր հանդիպում վերածվում էր դասընթացի:

Ցուցահանդեսի մասնակիցներից Գայանե Հովսեփյանը վարպետի աշխատանքներից ընտրել էր իր սրտի կտավը և դարձել Կողբի արվեստի տան կառուցման գործի առաջին ներդրողը:

«Նրա վրձնի գույները օդում խաղում են, աշխատում են, ամեն մի ստեղծագործության մեջ մի հետաքրքիր թռիչք կա: Նրա աշխատանքներով ես ավելի լավ ճանաչեցի Նիկոլին»,- Alpha News-ի հետ զրույցում ասել է դերասան Արմեն Մարգարյանը:

Հարցին՝ մարդիկ տխրում են, որ նա գնում է, բայց նաև ուրախ են իր՝ Հայաստան վերադարձով, իսկ ի՞նչ զգացումներ ունի նա, Նիկոլ Աղաբաբյանը նշել է. «Մենք այնտեղ անելիք ունենք, պետք է գնալ»:

Մանրամասները՝ տեսանյութում

Հիմա եթերում