Մեծ հանցագործություն՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ

03 Հուլիսի 2023, 19:16

Մշակույթ

Բաքվի իշխանություններն իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում բռնայուրացնում են Արցախի պատմամշակութային ժառանգությունը՝ ներկայացնելով դրանք որպես աղվանական: Alpha News-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Արցախի նախագահի խորհրդական Լուսինե Ղարախանյանը՝ շեշտելով, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի աչքի առաջ մեծ հանցագործություն է տեղի ունենում:

«Արցախում պատերազմը շարունակվում է, հատկապես մշակութային ճակատում: Պատերազմի երկրորդ էտապը կարելի է համարել Ադրբեջանի՝ Արցախի պատմամշակութային ժառանգության դեմ ուղղված գործողությունները: Նրանք ոչնչացնում, վնասում են հուշարձանները, եկեղեցիները, խաչքարերը եւ այլ ճարտարապետական կառույցներ:

Օրինակ՝ վերականգնման անվան տակ Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին հիմա այլ տեսք ունի, եկեղեցու արտաքին տեսքը լրիվ փոխվել է կամ երկու մեծ գերեզմանատներ հավասարեցվել են գետնին՝ դրանց վրայով ճանապարհ է կառուցվել», -նշեց Լուսինե Ղարախանյանը՝ շեշտելով, որ Ադրբեջանը ակնհայտ ատելությամբ ու եռանդով ոչնչացնում է Արցախյան առաջին պատերազմի ազատամարտիկների տապանաքարերը, ընդ որում՝ հետո այդ կադրերը ներբեռնում սոցցանցեր:

Ղարախանյանի խոսքով, թշնամին ամեն ինչ անում է, որ Արցախից վերացնի հայկական հետքը: Արցախցի պատշտոնյան համոզված է՝ թշնամին հարվածելով արցախահայության ինքնությանը, փորձում է իրենց դիմադրողականությունը նվազեցնել:

«Մենք հուզական խորը կապ ունենք պատմամշակութային այդ ժառանգության հետ: Սա էլ բարոյական ահաբեկչության մի ձեւ է, բայց էական ազդեցություն ունենալ չի կարող»,- ընդգծեց Ղարախանյանը:

Օրեր առաջ էլ Արցախից ահազանգել էին, որ Ադրբեջանը Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին վերածում է մզկիթի։ Սոցիալական ցանցերում տարածված լուսանկարներից երեւում է, որ եկեղեցու գմբեթի խաչը հանված է։ Լուսինե Ղարախանյանի խոսքով՝ եկեղեցու տարածքը վերածվել է շինհրապարակի: Շուրջ մեկ տարի առաջ Ադրբեջանի «Հուշարձանների պաշտպանության հասարակական միավորում» կազմակերպությունը հայտարարել էր, որ այն վերածելու են մզկիթի:

Ըստ շրջանառվող տեղեկությունների, ապանոտաժվելու են հայկական եկեղեցու գմբեթի վեղարն ու զանգակատունը, կցակառուցվելու է երկու մինարեթ։

«Միջազգային կառույցների աչքի առաջ մեծ հանցագործություն է տեղի ունենում՝ մարդկության, մշակույթի, արժեքների դեմ: Լռել չի կարելի, որովհետեւ այս ուղտը բոլորի դռան առաջ էլ կարող է չոքել: Արցախում 10-ը հազար չպեղված հուշարձան կա, դրանց մեծ մասը օկուպացված տարածքներում են ու հայտնի չէ դրանց ճակատագիրը»,- նշեց Լուսինե Ղարախանյանը:

Նշենք, որ հայկական կողմը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ին՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ արդյունավետ ու անհապաղ քայլեր ձեռնարկելու համար:

Ադրբեջանը, սակայն, խոչընդոտում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի փաստահավաք առաքելության ներկայացուցիչների մուտքը օկուպացված տարածքներ: Արցախցի պաշտոնյան մեծ հույսեր չի կապում միջազգային որեւէ կառույցի հետ: Նրա խոսքով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ն կեղծ ու կողմնակալ կառույց է, որին բազմաթիվ անգամներ նամակներ են հղել, սակայն պատասխան չկա:

«Վիրավորականն այն է, որ նրանք երկու կողմերին էլ կոչ են անում զուսպ լինել եւ հարգանք դրսեւորել պատմամշակութային ժառանգության նկատմամբ: Ես այդ կառույցն ընկալում եմ որպես կողմնակալ, սկզբունքներ չունեցող, որովհետեւ մինչեւ հիմա որեւէ բան չեն արել Արցախի օկուպացված տարածքներում պատմամշակութային ժառանգության պահպանման համար: Նրանց աչքի առաջ աղվանացվում է այդ ժառանգությունը, ոչնչացվում է ոչ միայն հայկական պատմամշակութային ժառանգությունը, այլեւ մարդկության պատմությանն առնչվող ժառանգությունը:

Մեհրիբան Ալեւան ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակույթի գծով ղեկավար Օդրե Ազուլեի հետ շատ ջերմ հարաբերությունների մեջ է: Ինչպե՞ս նա կարող է դառնալ բարի կամքի դեսպան, եթե այստեղ ամեն ինչ հողին է հավասարեցվում: Բարձրագույն արժեքների ոչնչացման գործընթաց է տեղի ունենում աշխարհում: Ես արդեն լուրջ չեմ ընդունում այդ կառույցը, ես այնքան նամակներ եմ հղել իրենց, բայց ձայն բարբառո հանապատի»,- հավելեց Լուսինե Ղարախանյանը:

Պաշտոնական տվյալով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Ադերբեջանի վերահսկողության տակ է անցել շուրջ 2000 հայկական պատպամշակութային եւ կրոնական հուշարձան, այդ թվում՝ վանքեր, եկեղեցիներ, խաչքարեր: