Արիության «Ոսկե աստղը». Սուրեն Սարգսյան
01 Մայիսի 2025, 23:20
Alpha News-ը շարունակում է ներկայացնել «Ալֆա պերսոնա» շարքը:
Սուրեն Սարգսյանը Խորհրդային բանակի եֆրեյտոր է, Հայրենական մեծ պատերազմի մասնակից, Խորհրդային Միության հերոս, ով դարձել է Արիության և զինվորական պատվի իսկական խորհրդանիշ:
Սուրեն Սարգսյանը ծնվել է 1924թ. հոկտեմբերի 31-ին Ոսկեվազ գյուղում: Դպրոցն ավարտելուց հետո զորակոչվել է Կարմիր բանակի շարքերը։ 1943 թվականի փետրվարից պատանի Սուրենը հայտնվել է Հայրենական մեծ պատերազմի կատաղի մարտերի կիզակետում։
1944 թվականի հունիսին եֆրեյտոր Սարգսյանը ծառայել է որպես հեռախոսավար բելառուսական 2-րդ ռազմաճակատի 50-րդ բանակի 238-րդ հրաձգային դիվիզիայի 837-րդ հրաձգային գնդի կապի վաշտում։ Մոգիլյովի մարզի ազատագրման համար կատաղի մարտերի ժամանակ նա դրսևորել է անկոտրում համառություն և երկաթե կամք։
1944թ-ի հունիսի 27-ին, լինելով թշնամու կրակի տակ, Սուրեն Սարգսյանն անցել է Դնեպրի վրայով և կենսական կապ հաստատել հրամանատարության և ստորաբաժանումների միջև արևմտյան պլացդարմում՝ սեփական կյանքի գնով ապահովելով շարունակական հաղորդակցություն: Չնայած գծի մշտական վնասմանը՝ նա օպերատիվ կերպով վերականգնել է կապը՝ գտնվելով կրակի տակ։ Ավելին, կրիտիկական պահերին Սարգսյանն անձամբ հետ էր մղում թշնամու կատաղի հակագրոհները՝ դիպուկ կրակելով գնդացիրից։
ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի Նախագահության 1945թ.-ի մարտի 24-ի հրամանագրով մարտական խնդիրների կատարման, ցուցաբերած արիության և հերոսության համար եֆրեյտոր Սուրեն Սարգսյանն արժանացել է Խորհրդային Միության հերոսի բարձր կոչման: Նրան հանձնվել են Լենինի շքանշանը և փայլուն «Ոսկե աստղ» մեդալը՝ հայրենիքի մեծ երախտագիտության խորհրդանիշը։
Պատերազմից հետո՝ 1946 թվականի մարտին, Սարգսյանը զորացրվել է։ Վերադառնալով խաղաղ կյանքին՝ նա աշխատել է նախ հայրենի գյուղում, ապա՝ Երևանում։ 1951 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը՝ շարունակելով իր ուղին արդեն քաղաքացիական ոլորտում։
Սուրեն Սարգսյանը կյանքից հեռացել է 2009 թվականի նոյեմբերի 14-ին և թաղվել հայրենի գյուղում: