Արցախը միայն քարտեզի վրա է փոքր. մի ամբողջ կյանք է պետք Արցախը բացահայտելու համար. լուսանկարիչ Սևակ Ասրյան

04 Հուլիսի 2023, 14:55

Մշակույթ

Արցախը միայն քարտեզի վրա է փոքր, իրականում մի քանի անգամ փոքրացած Արցախն էլ բացահայտելու համար ամիսներ, չէ՝ հավերժություն է պետք։ 2016 թվականից եմ առավել շատ սկսել լուսանկարել, մտադրություն ունեի Արցախի չբացահայտված, գողտրիկ վայրերի մասին լուսանկարների ցուցահանդես կազմակերպել, բայց 44-օրյա պատերազմը փոխեց ծրագրերս ու նաև շնորհանդեսի խորագիրը՝ այսուհետ՝ «Հիշողության ուժը», Aysor.am-ի հետ զրույցում ասում է լուսանկարիչ Սևակ Ասրյանը։

«Միայն լավ հիշողություններ կան մեր կորցրած տարածքների մասին, նկարներին նայելիս չեմ մտածում, որ կորցրել ենք մեր հայրենիքի չքնաղ հատվածները, ճիշտ հակառակը՝ այդ նկարներն օգնում են հավատալ սեփական ուժերին, հնարավորություններին։

Ստեփանակերտի ցուցահանդեսը շատ հուզիչ էր, ինձ թվում էր՝ ես բնապատկերներ՝ կյանք եմ նկարել ու մարդիկ չպիտի այնքան հուզվեին նկարներին նայելիս, ինչպես որ հուզվում են պատերազմի նկարների դեպքում, այնինչ, մարդկանց արձագանքը ճիշտ հակառակի մասին էր։

Մի տղամարդ լուսանկարներից մեկին նայելիս ասաց՝ մեր գյուղի մոտ այսպիսի տեղ կա, հարցրի՝ ո՞րն է ձեր գյուղը, ասաց Սղնախը, ասացի՝ բա նկարում Սղնախն է, այդ տղամարդը քանի րոպե լաց էր լինում։

Մի կին էլ նկարներից մեկին նայելով ասաց՝ սա մեր գյուղի մոտ է, այս ճանապարհով որ գնաք, աղբյուր կա, անպայման կնկարեք, հետո նայեց ինձ սկսեց արտասվել, որովհետև հիմա, ցավոք, չեմ կարող գնալ այդտեղ նկարելու։ Պարզվեց՝ մարդկանց հիշողությունն եմ նկարել, մարդիկ գալիս ասում էին՝ ինչպե՞ս առանց այս ամենի ապրենք, ինչու՞ պիտի կարոտենք Հադրութը, Շուշին, մեր գյուղը…»։

Սևակ Ասրյանն ասում է՝ պիտի հիշեցնենք մարդկանց, որ առանց Արցախի Հայաստանը կենսունակ չէ։

«Չեմ ուզում ասել՝ Արցախը Հայաստանի սիրտն է, բայց առանց Արցախի լիարժեք չենք, կես կյանքով ենք ապրելու, իմ լուսանկարները նաև դա հիշեցնելու համար են։ Պատերազմից հետո շատ մարդկանց հետ եմ վիճել, շատերի հետ կապը խզել, նրանք, որ ասում են՝ Արցախը հանձնենք, լավ ապրենք, ափսոսում եմ, որ ժամանակին այդ մարդկանց չեմ ապտակել։ Առաջինը ես ինձ եմ մեղադրում, որ ժամանակին ինչ-որ քայլեր չեմ արել։ Հիմա ինձ շատերն ասում են՝ բոլոր հնարավորություններն ունես Արցախից դուրս գալու, բայց ես չեմ էլ համարձակվում այդ մասին մտածել, ինչու՞ եմ այսքանն արել, որ թողնեմ գնա՞մ, անհայրենի՞ք դառնամ։

2020 թվականի նոյեմբերի 9-ին տղաս Երևանում էր, զորակոչի տարիքի չէր, նոյեմբերի 9-ին զանգեց, լաց լինելով բղավում էր՝ ես էլ հայրենիք չունե՞մ։ Ամեն անգամ, երբ ինչ-որ մարդիկ խոսում են Արցախը հանձնելու մասին, տղայիս խոսքերն եմ հիշում, ես չեմ ուզում երեխաներս առանց հայրենիքի մնան։

Ես չեմ կարողանում ասել ինչ պետք է անենք, բայց ես գիտեմ՝ ես ինչ պիտի անեմ՝ ես Արցախում պիտի ապրեմ։ Իմ կյանքի երկրորդ շրջափակումն է, առաջինը 90-ականներին էր, այդ տարիներին պատանի էի, չէի հասկանում՝ ինչ էր կատարվում, բայց հիմա հետահայաց կարող եմ գնահատական տալ՝ 90-ականներին մենք գիտեինք, որ Մայր Հայաստանը մեր թիկունքին է, ղեկավարությունը մտածում էր՝ ինչպես ապրանք հասցնել շրջափակված Արցախ, երբ տասը հոգի ջոկատ էր կազմում սարերով-ձորերով, ուղղաթիռներով հասնում էր Արցախ, մարդիկ ուռա էին գոռում, հասկանլի՞ է չէ, որ տասը հոգով սարեր շուռ չէինք տա, պարզվեց՝ լավ էլ կարող էինք, շուռ տվեցինք։ Հիմա կարծեք դիտմամբ ամեն ինչ անում են, որ կորցնենք կապը, որ չլինի միավորում, որ նորից ջոկատներ չկազմավորվեն»։

Սևակ Ասրյանի գնահատմամբ մարդիկ չեն պատկերացնում՝ ինչ ենք կորցրել. «Հիշողության ուժը» լուսանկարների ալբոմը նաև դրա համար է։

«Ես չեմ ասում, որ մեծ գործ եմ անում, բայց եթե այս դժվարին պայմաններում կարողանում եմ ոտքով տասնհինգ կիլոմետր քայլել, գողտրիկ տեղեր գտնել, լուսանկարել, գույներ բերել մարդկանց կյանք, ուրախանում եմ։ Ես վատն էլ եմ տեսնում, բայց դրա մասին նախընտրում եմ չխոսել, որովհետև, երբ վատն ես ընդգծում, ինքդ սկսում ես համոզել, որ շատ վատ է. ոչ, այստեղ շատ լավ է, լավ է, որ չնայած դժվարություններին այսքան շատ մարդ է ապրում Արցախում, ու ես երջանիկ եմ, որ այդ մարդկաց կողքին եմ ապրում։

Արցախը փոքրացել է, բայց անգամ փոքրացած Արցախում այնքան չբացահատված վայրեր կան, Ստեփանակերտին մոտ ձորակներով քայլում ես, ոգևորվում, սիրտդ ու միտքդ լայնանում են, շունչդ բացվում, երբեմն անպիսի գողտրիկ, չքնաղ վայրեր ենք բացահայտում, որ զարմանում ենք՝ քանի տարի այստեղ ապրելով ինչպես ավելի շուտ չենք բացահայտել. Արցախը միայն քարտեզի վրա է փոքր։

Ափսոսում եմ, որ մտահղացումներս ժամանակին չեմ իրագործել, շատ էի ուզում Ղազանչեցոցը աստղազարդ երկնքի ներքո նկարել, չհասցրի, բայց ես զգացում ունեմ, որ դեռ նկարելու եմ՝ ոչ միայն Շուշին, մարդիկ ինձ ֆանտազյոր են ասում, թող համարեն ֆանտազյոր, ես իմ զգացումներին եմ հավատում»։