Միակ բանը, որ մենք ունենք` Արցախի ժողովրդի ուժն ու վճռականությունն է. Պատրիկ Մալաքյան

05 Հուլիսի 2023, 15:52

Քաղաքականություն

Բարև Ձեզ, Ալֆա Նյուզը տեսակապով զրուցել է հանրահայտ «Մայրիկ» ֆիլմի ռեժիսոր Անրի Վեռնոյի որդու` ռեժիսոր, պրոդյուսեր Պատրիկ Մալաքյանի հետ: Նա ապրում է Ֆրանսիայում, հայերեն շատ քիչ բառ գիտի, բայց հոգով, սրտով Հայաստանի ու Արցախի կողքին է :

— Բարև, Պատրիկ, ուրախ եմ քեզ հետ կրկին զրուցել, բայց այս անգամ Ալֆա Նյուզի տաղավարից: Արդեն վեց ամիս է` Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը շրջափակված է: 120.000 արցախահայեր, որոնցից 30.000-ը երեխաներ են իրենց կյանքի ծանր օրերն են ապրում: Ի ՞նչ լուծում ես տեսնում, որո՞նք են քո մտահոգությունները :

— Ստեղծված վիճակն աղետալի է: Իհարկե, ես կցանկանայի, որ Արցախի հարցը լուծվեր դիվանագիտական ճանապարհներով, բայց ցավոք սրտի, կարծում եմ, որ այդ փուլն արդեն անցել է: Սրանով ինչ եմ ուզում ասել` կա Մինսկի խումբը, որը չի գործում, կան իրենց հերթին երկրներ, որոնք դիրքորոշում չունեն Արցախի հարցում, նաև կան երկրներ, որոնց երկրի ղեկավարները օրինակ` Ֆրանսիայի նախագահը, բարձրաձայնում են Արցախի վիճակի մասին, բայց էական, դիվանագիտական ուղով հարց լուծելու փուլը, կարծում եմ՝ անցյալում է:

Զուտ բառերով դատապարտելը, աջակցություն հայտնելը հասկանում ենք, որ ոչնչի չեն ծառայում : Կա Ռուսաստանը, որը պիտի պաշտպանի Արցախը ստորագրված համաձայնագրում ստանձնած պարտավորությունների հենքով, բայց չի անում: Կա Ֆրանսիան, որը հայտարարում է, որ մեզ կաջակցի, բայց տեսնում ենք, երբ Ադրբեջանը ներխուժում է Հայաստանի տարածք ճիշտ այնպես, ինչպես Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, ֆրանսիայի արած քայլերը մեծապես ոչինչ չփոխեցին, կա Միացյալ Նահանգները, որը դիվանագետներ է ուղարկում Հայաստան, որը ինչու ոչ, ուժեղ ուղերձ է, բայց դրանով իսկ կանգ առավ, այլ բան չի անում:

Վերջին հաշվով, այս քայլերը կհուզեն, բայց ոչինչ չեն փոխի, իսկ թշնամին ի՞նչ է անում, կիրառում է այն նույն մեթոդները, ինչ արել է հարյուր տարի առաջ: Սպասում են, որ աշխարհում լինեն այնպիսի իրադարձություններ, որոնք կշեղեն միջազգային հանրության և պետությունների ուշադրությունը, որ օգտվեն առիթից և իրենց սև գործն անեն: Ամեն անգամ, երբ դիմում են նման քայլի, հայտնվում են երկրների առաջնորդներ, որոնք դիվանագիտական լեզվով ասում են` «ո՛չ, լավ չէ, ո՛չ», «պիտի ինչ-որ բան անենք», «կարգավորենք այս հարցը», բայց ո՞ւմ են դրանով ձեռք առնում: Որ ինձ հարցնեն, թե այսօր կոնֆլիկտի կարգավորման ի՞նչ լուծում կա, կասեմ` գաղափար չունեմ, միակ բանը, որ մենք ունենք` Արցախի ժողովրդի ուժն ու վճռականությունն է, որ կենցաղային անհրաժեշտ պայմաններից զրկվելով` շարունակում են պայքարել իրենց ինքնորոշման իրավունքի համար:

Դա իսկապես միակ բանն է, որ ունեն թե ՛ նրանք, թե՛ մենք այստեղ` Սփյուռքում: Սփյուռքն իր ուժերի ներածին չափավ անում է հնարավորին այն, ինչ  կարողանում է: Օրինակ՝ մի շարք ասոցիացիաներ ինչպիսինն է Ֆրանսիայի կազմակերպությունները համակարգող խորհուրդը փորձում է Ֆրանսիայի իշխանության քաղաքական աջակցությունը ստանալ և մի շարք այլ քայլերի է դիմում, բայց այս պարագայում ապարդյուն են այդ ջանքերը, ավելի փոքր կազմով ընկերություններն իրենց հերթին ևս փորձում են աջակցել Արցախին, բայց դրանք ավելի շատ բարոյական աջակցություն են: Սփյուռքը սատարում է և հիշեցնում արցախահայությանը, որ նրանք մենակ չեն, որ մենք նրանց չենք մոռանում, մեր խոսքերը զուտ դիվանանագիտական հայտարարություններ չեն: Այս ամենը մինչև մեր սրտի խորքը մեզ հուզում է, մեր մաշկի վրա զգում ենք նրանց գլխին եկածը, ու եթե որևէ իրական ու վստահելի լուծում լիներ` ես առաջինը կվազեի ու նրանց կասեի դա:

— Հազար տարի էլ անցնի` «Մայրիկ» ֆիլմը, որտեղ քո հայրը ներկայացրել է Հայոց ցեղասպանությունից փրկված մի ընտանիքի պատմությունը, միշտ կշարունակի մնալ հայերի սրտում: 108 տարի է անցել, բայց նորից հայերը ցեղասպանության առջև են կանգնած : Այսօր այն եվրոպացի գործիչները, ովքեր խավիար չեն սիրում, բարձրաձայնում են այս վտանգի մասին : Ուրիշ ի ՞նչ քայլերի պետք է դիմել արցախահայերին սպառնացող ցեղասպանությունը կանխելու համար:

— Նախ ուզում եմ ցեղասպանություն բառը շատ զգուշորեն օգտագործել: Ցեղասպանություն եզրույթը ի՞նչ է նշանակում… որևէ ժողովրդի կրոնական, քաղաքական կամ այլ պատճառներով ամբողջովին բնաջնջում: Սա նշանակում է, որ Ադրբեջանը միայն Արցախով չի սահմանափակվելու, Հայաստանի վրա էլ է հարձակում գործելու: Միայն Արցախը չի կարող ցեղասպանության ենթարկվել: Ամեն ինչ հնարավոր է: Ի՞նչ կարող ենք անել` հույս ունենալ, որ դա երբեք տեղի չի ունենա, որ միջազգային հանրության քնից արթնանալը կտեսնենք, այն երկրների, որոնք մարդասիրական արժեքների երաշխավոր հանդիսացող երկրներ են: Մենք հիմա քաղաքական, տնտեսական մարտահրավերների առջև ենք ու չենք կարող սահմանափակվել ասելով` ես հայ եմ, տեղի ունեցող իրադարձությունները սարսափելի են, ու ես չեմ կարող ինքս ինձ տեր կանգնել:

Պիտի հույս ունենանք, որ մարդկային բարձրագույն արժեքները կստիպեն, որ արթնանան մարդիկ, որ համաշխարհային արթնացում կլինի: Սա ասելով ես ոչ միայն Արցախը նկատի ունեմ, այլև բոլոր այն վայրերը, որտեղ կոնֆլիկտներ կան: Հույս ունենանք, որ մենք կտեսնենք Արցախի և Հայաստանի ժողովրդի էլ ավելի միասնական վճռականությունը: Դա՛ է մեր ուժը: «Մայրիկ» ֆիլմը ոչ թե ցեղասպանության և ցեղասպանությունից փրկվածների մասին է, այլ հայերի` վերապրելու վճռականության մասին է, մի ժողովրդի վճռականության մասին է, որը չի բնաջնջվի ու կմնա մինչև աշխարհի վերջը : Ճիշտ է՝ դրա համար սովորաբար ամենաթանկ գինն են վճարում: Արդեն վճարել ենք 1915 թվականին: Այսօր Արցախն է շատ թանկ գին վճարում, այո, պետք է պայքարի տաժանակիր ճանապարհ անցնենք, որ գոյություն ունենանք ու մեր հողից ոչ մի տեղ չշարժվենք :

-Արցախցիներին ուղղված ի՞նչ ուղերձ կամ ցանկություն ունես:

— Լավ, թե վատ մենք ձեր կողքին ենք: Ձեր հուսահատության կոչերը մենք լսում ենք: Ուղղակի ուզում եմ ձեզ` բրավո ասել, անսահման հարգանք ունեմ ձեր ցուցաբերած ուժի համար:

-Այսօր Արցախի ժողովուրդը պայքարում է իր ինքնորոշման իրավունքի իրացման համար`ասելով, որ մենք ուզում ենք ապրել ազատ մեր պատմական հողում, մինչդեռ Ադրբեջանը ինտեգրացման թեզն է առաջ քաշում: Հինգ տարեկան երեխան էլ հասկանում է, որ դու չես կարող ապրել մեկի կողքին, ով երեսուն տարի ատելություն է սերմանել քո հանդեպ ու ցանկանում է քեզ սպանել:

— Իհարկե, դժբախտաբար, ես այդ լուծմանը հակված չեմ, ու դա ընդունելը չակերտավոր առևտուր կլինի: Այդպիսի փոխզիջման գնալը նշանակում է Արցախը վաճառել և ասել. «Ինձնից հետո ջրհեղեղ»: Ի՞նչ կարող էի անել` արեցի, կյանքեր փրկեցի… «Ինձնից հետո` ջրհեղեղ» : Այդպես չի կարող լինել: Կարծում եմ` ցանկացած պետության ղեկավարի պարտականությունը հետոյի մասին մտածելը պետք է լինի: Ներկան կարող է լինել աղետալի, վտանգավոր… Դժվարին իրավիճակում ինչ որոշում էլ կայացվի, բնականաբար, միանշանակ չի գնահատվելու, բայց «Ինձնից հետո ջրհեղեղ» տարբերակը ես ընդունելի չեմ համարում: Հետոյի համար որոշում կայացնելը պետք է  առաջնահերթություն  լինի:

— Օրերս Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս: Միջազգային հանրության ճնշման, թե Բաքվի ճնշումների ներքո է այդպես վարվել՝ դա արդեն էական չէ, փաստ է, որ նա Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում: Այլ երկրների ղեկավարները, որոնք ներգրավված են մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կարող են ասել` ի՞նչ եք ուզում մեզնից, եթե ձեր իշխանությունը չի պայքարում Արցախի համար: Շատերն արդեն իսկ ասում են…

— Սա շատ բարդ հարց է ինչպես այլ պետությունների ղեկավարների, այնպես էլ Սփյուռքի համար: Նախևառաջ, եթե մի երկիր որոշում է կայացնում իր արտաքին քաղաքականության հարցում, մեկ այլ երկրի առաջնորդ արդեն միջամտելու իմաստ չի տեսնում: Սա քաղաքականության տեսանկյունից պատասխանս Ձեզ: Հիմա մեկնաբանեմ Սփյուռքի դիքերից: Մենք այստեղ լսում ենք` «Ինչպիսի՛ սարսափ…», «Նա վաճառե՛լ է…», «Կարո՞ղ է դա արել է պաշտպանելու համար» կամ չգիտեմ, բայց ես ինքս ինձ հարց եմ տալիս` արդյոք ես այդ քայլին կդիմեի`չէ, չեմ կարող ասել: Այն տրամաբանությունը, որ ես հիմա ունեմ` ինձ թույլ կտա ասել՝ ոչ, այդպես չէի վարվի, երբեք…: Չէի անի ու հրաժարական կտայի: Այլապես, հեշտ կլինի ասել` նա կարող էր անել այսինչ բանը, բայց չարեց: Լավ, եթե չի անում,  ուրեմն` ինչ է տեղի ունենում` Ադրբեջանը գրավում է Արցախը, մարդկանց սպանում, ու ինչպես 44-օրյա պատերազմի ժամանակ էին նրան պտտվում ու ասում, այդ ժամանակ էլ կասեն` թողեցիր, որ այդքան մարդ զոհվի, բայց կարող էիր կանխել այդ ամենը, եթե շուտ կանգնեցնեիր պատերազմը, Ադրբեջանը ռազմապես շատ ավելի ուժեղ է:

Իսկ եթե նա ասում է` ոչ, ես չեմ վաճառում Արցախը, պատերազմ է սկսվում, մարդիկ են մեռնում, ի վերջո նա ստիպված հանձնում է, ու նրան ասում են` մի ամիս առաջ պիտի հանձնեիր, որ շատ ավելի վատ չլիներ: Տեսնում եք՝ իրավիճակը շատ բարդ է: Դրա համար այսպիսի հանգամանքներում, ասեմ` մենք գեներալ ենք ունեցել` դը Գոլը, որն ասել է` եթե ֆրանսիացիներն ինձ հետ համակարծիք չեն, ապա ես հրաժարական եմ տալիս… Ու հետո մենք նրան ընտրեցինք: Այնպես որ պետք է վստահել, բայց նաև հակառակ կողմը պետք է համարձակություն ունենա հեռանալ պաշտոնից, երբ դրա ահրաժեշտությունը կա, որպեսզի այդկերպ պաշտպանես քո մոտեցումները և համամարդկային արժեքները :

-Շնորհակալ եմ, Պատրիկ : Իսկապես հիացմունքի է արժանի, որ լինելով Հայաստանից հեռու՝ մանրամասն հետաքրքրվում ես Հայաստանի ներքին ու արտաքին կարևորագույն հարցերով: Վերջին անգամ ե՞րբ ես եղել Հայաստանում:

-Նախորդ հոկտեմբերին:

Կա՞ մի բան, որ կցանկանայիր հավելել կամ մեզ պատմել քո աշխատանքային նորությունների մասին:

-Միակ բանը, որ ուզում եմ ասել` անհամբեր ցանկանում եմ կրկին վերադառնալ Հայաստան:

Մենք քեզ սիրով սպասում ենք: Կհանդիպենք Երևանում:

— Հաճույքով:

Զրույցը վարեց Հասմիկ Առաքելյանը: