Արա Գյուլերի մասին հայ-թուրքական ֆիլմը կներկայացվի Կաննի կինոփառատոնում
20 Մայիսի 2025, 09:30
Պոլսահայ աշխարհահռչակ լուսանկարիչ Արա Գյուլերի կյանքի մասին պատմող ֆիլմը մեծ էկրան կբարձրանա և կներկայացվի 2025 թվականի Կաննի կինոփառատոնում՝ «Marche du Film» բաժնում։ Առաջին հայ-թուրքական համատեղ «Բարև» ֆիլմը պատմում է վարպետի ստեղծագործական ուղու, նրա լուսանկարների և Ստամբուլն ու Անատոլիան աշխարհին ցույց տալու ձգտման մասին:
Գյուլերի կենդանության օրոք հավանության արժանացած նախագիծն ուղղված է Թուրքիայի և Հայաստանի միջև մշակութային կապերի ամրապնդմանը։ Նրա եզակի լուսանկարները զգալի ներդրում են ունեցել Թուրքիայի մշակույթում։ Ֆիլմի հիմքում Գյուլերի լուսանկարչական արխիվն է։
Ֆիլմի աշխատանքները համատեղ իրականացրել են «Kara Kedi Film» և «Luys Media» ստուդիաները, իսկ հայ պրոդյուսերներն են Անի Գալստյանը «Anso Film»-ից, Հովհաննես Գալստյանը։ Ֆիլմը ստացել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարության կինեմատոգրաֆիայի գլխավոր վարչության, ինչպես նաև «TRT 12 Punto» հարթակի աջակցությունը:
Սցենարի մշակումն ու արխիվային հետազոտություններն իրականացվել են թուրքական «Doğuş Group» հոլդինգի աջակցությամբ, որին պատկանում են Գյուլերի ժառանգությանը նվիրված թանգարանն ու հետազոտական կենտրոնը։ Ֆիլմի ռեժիսորներն ու սցենարիստներն են Էլա Ալյամաչը և Արեն Փերդեջին։
Արա Գյուլերը ծնվել է 1928 թվականի օգոստոսի 16-ին Ստամբուլի Բեյօղլու շրջանում՝ հայ ընտանիքում։ Իր կարիերայի ընթացքում Արա Գյուլերը նկարել է 20-րդ դարի հայտնի մարդկանց՝ Ուինսթոն Չերչիլին, Մարիա Կալասին, Ջոն Բերգերին, Բերտրան Ռասելին, Սալվադոր Դալիին, Պաբլո Պիկասոյին և Ինդիրա Գանդիին: Նրան անվանում էին «Ստամբուլի աչք», «Ստամբուլի լուսանկարիչ» և «Ժամանակի մատենագիր»։ Ստամբուլում նրա հայրական տունը վերածվել է թանգարանի։
Գյուլերը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 17-ին և թաղվել Շիշլիի շրջանի հայկական գերեզմանատանը։