Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ՌԴ ԱԳՆ-ում մասնակցել է Զատկական ընդունելությանը
21 Մայիսի 2025, 09:20
Մայիսի 20-ին Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը Ուղղափառ Սուրբ Զատիկի առիթով ներկա է գտնվել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի անունից հանդիսավոր ընդունելությանը:
Միջոցառմանը, որն անցկացվել է Ռուսաստանի ԱԳՆ առանձնատանը, մասնակցել են Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը, Ռուս Ուղղափառ Եկեղեցու հիերարխները, ավանդական դավանանքների ներկայացուցիչներ, ռուս պետական և հասարակական գործիչներ, դիվանագիտական կորպուսը:
Շնորհավորելով բոլորին տոնի կապակցությամբ՝ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը խորհրդանշական է համարել, որ ընդունելությունը տեղի է ունենում Զատկի շրջանի օրերին և Մեծ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությունից անմիջապես հետո: Նա ընդգծել է Քրիստոսի Հարության տոնի հոգևոր նշանակությունը և նացիզմի դեմ տարած հաղթանակի գործում Խորհրդային Միության ժողովուրդների հերոսական ավանդի հիշատակի կարևորությունը:

