Որպեսզի Բաքվի հետ երկխոսությունը կառուցողական լինի, այն պետք է որոշ չափորոշիչների համապատասխանի. Արցախի ԱԳ նախարար
06 Հուլիսի 2023, 12:10
Արցախի արտգործնախարար Սերգեյ Ղազարյանը այսօր՝ հուլիսի 6-ին Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջի ժամանակ մեկնաբանել է, թե ինչու է Արցախը հրաժարվել երրորդ երկրում Ադրբեջանի հետ հանդիպման առաջարկից:
«Արցախյան կողմը չի մերժել հանդիպման այդ առաջարկը, մի պարզ պատճառով, քանի որ մենք ամենաշահագրգիռ կողմն ենք նման իրական երկխոսության համար: Այդ երկխոսությունը, որպեսզի կառուցողական բնույթ ունենա, պետք է որոշ չափորոշիչների համապատասխանի, այդ իսկ պատճառով է, որ քննարկումները դեռեւս շարունակվում են: Մենք այս ընթացքում առաջարկներ ենք ստացել տարբեր երկրների ներկայացուցիչներից, միջազգային կազմակերպություններից նման հանդիպումներ կազմակերպելու վերաբերյալ, ուղղակի կան որոշ կարեւոր էլեմենտեր, որոնք պետք է հաշվի առնենք»,- ասել է Սերգեյ Ղազարյանը եւ հիշեցրել ռուսական միջնորդությամբ հունվարին եւ մարտի սկզբում Ադրբեջանի ներկայացուցչի հետ տեղի ունեցած հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել են տեխնիկական հարցեր, սակայն Ադրբեջանը խեղաթյուրել է դրանց բովանդակությունը, ներկայացնելով, թե դրանք «վերաինտեգրացիային» են առնչվել:
Բացի այդ, Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների վերջին հանդիպումից հետո մարտի 5-ին ադրբեջանական կողմի դիվերսիոն գործողության հետեւանքով արցախցի 3 ոստիկան զոհվեց:
Արցախի արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքով՝ ճնշումների տակ Ադրբեջանի հետ երկխոսություն կամ էլ բանակցության չի կարող լինել: Պաշտոնյայի դիտարկմամբ՝ որպեսզի Ադրբեջանի հետ երկխոսություն տեղի ունենա, եւ ոչ թե դրա իմիտացիա, ապա պետք է բավարարվի հետեւյալ պահանջը.
«Ադրբեջանական կողմը դեպի Արցախ պարենի եւ առաջին անհրաժեշտության ապրանքների ներկրելու հնարավորությունը պետք է վերականգնի, որ մենք տեսնենք՝ ինչ-որ մոտեցում է փոխվում»:
Դիտարկմանը՝ քանի դեռ ճանապարհը չի բացվել Արցախը չի՞ երկխոսելու Ադրբեջանի հետ, Արցախի արտգործնախարարն ասել է, թե երկխոսությունը նախապայմաններով չի լինում, բայց Ադրբեջանը պետք է ցույց տա, որ պատրաստ է երկխոսության:
«Բայց եթե ճանապարհ են փակում, ինչպե՞ս մենք կարող ենք հասկանալ, որ ադրբեջանական կողմը պատրաստ է այդ երկխոսությանը»,- ընդգծել է նա:
Նախարարը հավելել է, որ արցախյան կողմը ռուս խաղաղապահների միջոցով ադրբեջանական կողմին է փոխանցել հանդիպման առաջարկների վերաբերյալ տարբերակներ, որոնք, սակայն, Բաքուն մերժել է:
Հարցին, թե Ադրբեջանի կողմից նախապայման կա՞ , որ քանի դեռ չի լուծարվել Պաշտպանության բանակը, Ադրբեջանի եւ Արցախի ներկայացուցիչների միջեւ հանդիպում չի լինելու, Արցախի Արտաքին գործերի նախարարը պատասխանել է.
«Արցախի պաշտպանության բանակն Արցախի բնակչության անվտանգությունն ապահովող կարեւորագույն գործոնն է: Տեսնելով ադրբեջանական կողմի ագրեսիվ գործողությունները, հռետորաբանությունը, իրատեսական չէ քննարկել Պաշտպանության բանակի կամ պետական համակարգի լուծարման մասին հարցը: Եթե դատենք ադրբեջանակն կողմի հռետորաբանությունը, ապա այդ նախապայմանը միշտ էլ կար, վաղուց տարբեր մակարդակներով այդ մասին հնչեցվում էր, երեկ էլ Ադրբեջանի նախագահը խոսեց այդ մասին, բայց Պաշտպանության բանակն ապահովում է Արցախի ժողովրդի անվտանգությունը եւ Արցախի ժողովուրդն է որոշում կայացնում»:
Հիշեցնենք՝ օրեր առաջ հայտնի դարձավ, որ ամերիկյան միջնորդությամբ անցյալ ամիս երրորդ երկրում Ստեփանակերտ-Բաքու ձեւաչափով հանդիպման հնարվորություն է եղել, սակայն այն չի կայացել, քանի որ օրակարգում եղել են Արցախի՝ Ադրբեջանի հետ «վերաինտեգրացիայի» հարցերը: