ԱՄՆ-ը շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությանը. Դոնալդ Թրամփ

28 Մայիսի 2025, 18:40

Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։

«Հարգելի՛ նախագահ Ալիև, ԱՄՆ ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին Անկախության օրվա առթիվ։ Մենք կարևորում ենք Ադրբեջանի Հանրապետության հետ մեր հարաբերությունները, ահաբեկչության դեմ պայքարում ԱՄՆ-ի հետ համագործակցելու, էներգետիկ անվտանգությունը խթանելու և Ձեր հարևանի հետ խաղաղության հասնելու Ձեր ջանքերը:

Մեր դիվանագիտական հարաբերությունները զգալիորեն աճել են ավելի քան երեք տասնամյակի ընթացքում, և մենք ակնկալում ենք շարունակել միասին աշխատել մեր երկկողմ առաջնահերթությունների, այդ թվում՝ անվտանգության ոլորտում համագործակցության, տնտեսական գործընկերության և էներգետիկայի զարգացման ուղղությամբ: ԱՄՆ-ն շարունակում է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև երկարաժամկետ խաղաղությանը։ Հակամարտության խաղաղ կարգավորումը կնպաստի Հարավային Կովկասի բարգավաճմանը: Հիմա խաղաղությանը հավատարիմ մնալու և Հարավային Կովկասի ժողովուրդների բարգավաճման նոր դարաշրջան սկսելու ժամանակն է:

Անհամբեր սպասում ենք հետագա տարիների և տասնամյակների ընթացքում մեր գործընկերության խորացմանը:

Լավագույն մաղթանքներով՝ Ձեզ և Ադրբեջանի ժողովրդին»,- ասված է ուղերձում։