Սեմյոն Բաղդասարով. Փաշինյանը գենետիկորեն ատում է Ռուսաստանն ու հայերին

Մերձավոր Արևելքի և Կենտրոնական Ասիայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սեմյոն Բաղդասարովը Alpha News-ին տված հարցազրույցում մեկնաբանել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարձակումը եկեղեցու վրա։

Ըստ փորձագետի՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի նոր հզոր հարձակումը Հայ առաքելական եկեղեցու վրա պայմանավորված է նրանով, որ գործող իշխանությունները քրիստոնեության թշնամիներն են։

«Հայ առաքելական եկեղեցին իր պատմության ընթացքում հայ ժողովրդի առանցքն է եղել։ Հասկանալի է՝ ինչու է այս յուրօրինակ զույգն այդքան վիրավորում եկեղեցու քահանաներին, քանի որ նրանք քրիստոնեության, մասնավորապես, Հայ առաքելական եկեղեցու թշնամիներն են: Այսօր Հայաստանում բնակչության 10%-ն աղանդավոր է, և գաղտնիք չէ՝ ինչ է «Կյանքի խոսք»-ը, որին պատկանում է ՀՀ ղեկավարության մեծ մասը։ Դա սատանայական, հակաքրիստոնեական աղանդ է, որն, ըստ էության, ատում է հայ եկեղեցին և ընդհանրապես քրիստոնեությունը:

Փորձագետի կարծիքով՝ Փաշինյանը պատրաստ է ամեն ինչ զիջել թշնամուն՝ իշխանության մնալու համար։

«Փաշինյանը դավաճան է, նա կապիտուլյացվում է պատմական թշնամիների՝ Թուրքիայի, Ադրբեջանի առջև, պատրաստ է նրանց հանձնել ամեն ինչ՝ իշխանության մնալու համար, քանի որ իշխանության կորուստը նրա համար սարսափելի է։ Իսկ ես հուսով եմ, որ դա տեղի կունենա, եթե ընդդիմությունը կարողանա ներգրավել ժողովրդին, և ժողովուրդը կհասկանա, որ Փաշինյանն իր թշնամին է։ Նա դավաճանում է ցեղասպանության զոհերի հիշատակը, Հայաստանի պատմության մասին հիշողությունը, հրաժարվում է այն ամենից, ինչը կապված է Արևմտյան Հայաստանի հետ»,- նշել է Բաղդասարովը։

Անդրադառնալով Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների ճգնաժամին՝ փորձագետը հայտարարել է, որ չի կարելի թքել Ռուսաստանի երեսին, հետո օգնություն պահանջել՝ ասելով, թե նա պարտավոր է օգնել։

«Թուրքիան սկսում է գերիշխել Հարավային Կովկասում։ Հիմա թուրքերը ցանկության դեպքում կարող են հաշված ժամերի ընթացքում հայտնվել Ռուսաստանի հետ ցամաքային սահմանին: Ռուսաստանը ոչ մի կերպ պաշտպանված չէ հարավում, այնպես որ, եթե Ռուսաստանում որևէ մեկը մտահոգված է իր անվտանգությամբ, ապա պետք է հարց տալ՝ ի՞նչ է ուզում Հայաստանի ղեկավարությունը Ռուսաստանի հետ հարաբերություններից։ Այդ մարդը՝ Փաշինյանը, գենետիկորեն ատում է Ռուսաստանն ու սեփական ժողովրդին, այդ մարդը հստակ աշխատում է Բրիտանիայի և Թուրքիայի համար։ Մարդիկ, ովքեր հասկանում են՝ ինչ է հավաքագրումը, հասկանում են նաև, որ նա վաղուց հավաքագրված է։ Նա խորամանկ է, ատում է Ռուսաստանը, բարձրացնում է ռուսատյացության մակարդակը, հակառուսական տրամադրությունները և այլն։ Բայց, պարո՛ն Փաշինյան, կարո՞ղ եմ Ձեզ մի հարց տալ՝ եթե վաղը պատերազմ սկսվի, իսկ այն կսկսվի, քանի որ դուք թույլ եք, ո՞վ է օգնելու ձեզ։ Չի կարելի թքել պետության երեսին, ապա օգնություն պահանջել։ Այդպես չի լինում։ Հայաստանում մարդիկ հիանալի հասկանում են, որ պատերազմը հնարավոր է։ Բայց իշխանություններն ուզում են ասել, եթե մենք մնանք, պատերազմ չի լինի։ Պատերազմ չի լինի, պարզապես խաղաղ ճանապարհով կզբաղեցնեն Սյունիքը, եթե դա կարելի է անվանել խաղաղ ճանապարհ, որովհետև չկա ուժեղ, հայկական բանակ, որը կկարողանա հետ մղել հարձակումը»,-հավելել է Բաղդասարովը։

Խոսելով Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի մասին՝ փորձագետն ասել է, որ Ալիևը զիջումներ է պահանջելու այնքան ժամանակ, քանի դեռ հայկական պետությունը չի ոչնչացվել։

«Մատդ տաս՝ ձեռքդ կկծի։ Որքան շատ Ալիևը զիջումներ ուզի, այնքան դրանք հետագայում կավելանան։ Փաշինյանը հայ ժողովրդի թշնամին է, և երբ հայերը քվեարկեն 2026-ի հունիսին, թող չմտածեն, որ Փաշինյանի գալուց հետո կշարունակեն սուրճ խմել Երևանում և կասեն, թե ամեն ինչ լավ է։ 2-3 տարի հետո Հայաստանի զգալի մասը կբռնազավթվի ևվերահսկողության տակ կվերցվի ոչ միայն Ադրբեջանի, այլև Թուրքիայի կողմից։ Թուրքերը կսկսեն գնել ամեն ինչ, վտարել հայերին, քանդել եկեղեցիները, վանքերը և այն ամենն, ինչ կապված է հայոց պատմության հետ»,- ասել է Բաղդասարովը։