Անօդաչուների հարձակումները չեն կարող ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա. Ալեքսանդր Ասաֆով
02 Հունիսի 2025, 22:10
Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Ասաֆովը Alpha News-ի հետ զրույցում կիսվել է Ռուսաստանի ողջ տարածքի վրա անօդաչուների հարձակման ու Ստամբուլում Ուկրաինայի հարցով բանակցությունների վրա դրա հնարավոր ազդեցության վերաբերյալ իր կարծիքով:
««Սարդոստայն» օպերացիան, ինչպես այն անվանել են Կիևի ռեժիմի ներկայացուցիչները, անշուշտ, կապված է բանակցությունների համատեքստի հետ: Այստեղ կարելի է տեսնել Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու, բանակցություններից հրաժարվելու և սեփական դիրքերն ամրապնդելու ցանկություն: Սակայն չնայած տհաճ հարձակմանը՝ դա չի կարող ազդել բանակցային գործընթացի վրա, քանի որ բանակցությունները քաղաքական գործընթաց են, այլ ոչ թե ահաբեկչական կամ դիվերսիոն գործողություն:
Իհարկե, կան բազմաթիվ մեկնաբանություններ, այդ թվում՝ արևմտյան վերլուծաբանների կողմից, որոնք այլ կերպ են ընկալում իրավիճակը։ Սակայն, իմ կարծիքով, այս կերպ հնարավոր չէ ազդել Ռուսաստանի դիրքորոշման վրա։ Միակ բանը, որին կարելի է հասնել նման գործողություններով, սեփական դիրքերի թուլացումն է և Ռուսաստանից պահանջների մակարդակի բարձրացումը։ Այդ պահանջները հիմնված են միջազգային օրենսդրության, միջազգային իրավունքի, գործող միջազգային պայմանագրերի և այն կետերի վրա, որոնք ավելի վաղ համաձայնեցվել են»,-նշել է փորձագետը։
Քաղաքագետի կարծիքով՝ ուկրաինական կողմի գործողություններին Ռուսաստանի պատասխանը կլինի հավասարակշռված և ռացիոնալ։
«Ինչ վերաբերում է հնարավոր պատասխանին, ապա չարժե ստանձնել գլխավոր շտաբի կամ գերագույն գլխավոր հրամանատարի դերը: Պատասխանի համաչափությունն ու կազմը որոշվում են տարբեր գործոններով, ոչ թե վրեժխնդրության հուզական ցանկությամբ կամ անմիջական արձագանքով: Ռազմական գործողությունների բոլոր վեց ռազմավարական ոլորտներում ռուսական բանակը նախաձեռնող է, և դա իրադրության իրական ցուցիչն է: Իհարկե, հարվածը տհաճ է, սակայն չի փոխում իրավիճակը: Թե ինչպես կորոշեն պատասխանել ՊՆ-ն և Գերագույն գլխավոր հրամանատարը, կիմանանք: Որոշ գնահատականներով՝ պատասխանը կլինի, բայց, իմ կարծիով, այն պետք է մանրակրկիտ հաշվարկվի՝ հիմնվելով ոչ թե հույզերի, այլ բոլոր անհրաժեշտ հանգամանքների ռացիոնալ վերլուծության վրա»,-եզրափակել է Ասաֆովը:
Մանրամասները՝ տեսանյութում: