Աշխարհաքաղաքացի՝ ազգային ինքնության փոխարեն. ում էր խանգարում «Հայ եկեղեցու պատմությունը»
07 Հուլիսի 2023, 19:00
Հայոց եկեղեցին դեմ է, որ «Հայ եկեղեցու պատմությունը», իբրև առանձին առարկա ուսումնական ծրագրից դուրս բերվի և տարրալուծվի այլ առարկաների մեջ: Alpha News-ի հետ զրույցում մտահոգություն հայտնեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Քրիստոնեական դաստիարակության կենտրոնի տնօրեն Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը:
Կրթական նոր չափորոշիչներին համապատասխան, «Հայ եկեղեցու պատմությունը» որպես առանձին առարկա սեպտեմբերից այլևս չի դասավանդվելու դպրոցներում: Այն, պաշտոնական մեկնաբանության համաձայն, ինտեգրվելու է «Հայոց պատմություն» առարկային: Արդյունքում շուրջ 800 ուսուցիչ, որոնք դասավանդում էին այդ առարկան, զրկվելու են աշխատանքից:
Լուրերը, որ առարկան դուրս է գալու կրթական ծրագրից, շրջանառվում էին դեռ 2019 թվականից, երբ Փաշինյանը ելույթներից մեկի ժամանակ կասկածի տակ դրեց առակայի առանձին գոյության իմաստը:
«Այս հարցում հաշվի չեն առնվել ո՛չ երեխաների, ո՛չ նրանց ծնողների, և ո՛չ էլ՝ հասարակության մեծամասնության կարծիքը»,- ընդգծում է հոգևորականը:
Նրա խոսքով՝ մարտահրավերներով լի ժամանակակից աշխարհում ազգերի ինքնության հարցը վտանգի տակ է: «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան նպաստում է ազգային և քրիստոնեական ինքնության, ազգային հոգեկերտվածքի ձևավորմանն ու գիտակցության բարձրացմանը՝ գիտելիքից առավել, ինչպես Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանն է ասում, աշակերտներին փոխանցելով հոգի և կամք:
Նա շեշտում է՝ երեխաները առարկայի միջոցով ծանոթանում էին ազգային քրիստոնեական ընդհանուր արժեհամակարգին.
«Աստվածաշնչին, եկեղեցու դավանությանը, տոնածիսական համակարգերին, բարեպաշտական սովորություններին, բարոյագիտությանը և ազգային արժեհամակարգի սկզբունքներին»:
Հոգեւորականը զգուշացնում է՝ «Հայ եկեղեցու պատմությունն», այլ առարկաների մեջ տարրալուծելով, ոչ միայն կորցնելու է իր կարևորությունը, այլև դառնալու է երկրորդական նշանակության: Եկեղեցին իր տեսակետն է հայտնել, առհասարակ, կրթական նոր չափորոշիչների վերաբերյալ: Կառավարությունը շտապում է այդ բարեփոխումների ճանապարհին, ինչը բազում հարցեր է առաջացնում:
«Ի վերջո, կրթության ոլորտում ձախողումը հանգեցնելու է մեր ազգի ինքնության խեղաթյուրմանը: Կրթական նոր համակարգը պատրաստում է աշխարհաքաղաքացի, այլ ոչ թե ազգային ինքնությամբ զորացած հայ»,-շեշտում Տեր Զաքարիա Բաղումյանը:
Նա ընդգծում է՝ գուցե և աննկատ, բայց տեղի է ունենում արժեքային համակարգի փոփոխություն, որի դառը պտուղները քաղելու ենք ապագայում: Վարդապետ Բաղումյանը մանրամասնում է՝ «Հայոց պատմություն» առարկային վերաբերող դասընթացի հատվածը ներառում է «Հայ եկեղեցու պատմություն» առարկայի 7-9 — րդ դասարանների ծրագիրը:
«Մնացած դասարանների նյութը հնարավոր չի լինելու ներառել «Հայոց պատմություն» առարկայում»,- բացատրում է նա:
Վարդապետ Բաղումյանի խոսքով՝ մինչ այդ էլ, «Հայոց պատմություն» առարկայում կային նաև հայ եկեղեցուն վերաբերող այդ հատվածները:
«Որևէ համագործակցության իմաստ չկա, չեմ կարծում, թե պետությունը փորձելու է մեզ ներգրավվել»,- ասում է հոգևորականը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մայր Աթոռը ներգրավված է լինելու «Հայ եկեղեցու պատմություն» առարկան «Հայոց պատմություն» առարկային ինտեգրելու գործընթացին:
Վարդապետ Բաղումյանը նշում է՝ տեղեկությունները, թե ովքեր են լինելու «Հայոց պատմություն» առարկայի դասագրքերի նոր հեղինակները, արդեն իսկ, լուրջ մտահոգության առիթ են.
«Հասկանալի է, որ այդ դասագրքերը լինելու են այսօրվա աշխարհաքաղաքական իրադրության և չակերտավոր խաղաղության դարաշրջանի համատեքստում»:
Հոգևորականի խոսքով՝ այս փոփոխություններում նաև արտաքին ուժերի հստակ ազդեցությունը կա:
«Իրենց պետք չէ ազգային ինքնությամբ ուժեղ հայ մարդ, իրենց պետք է կոսմոպոլիտ մի մարդ, որը չի ունենա ինքնության ամենակարևոր բաղադրիչների հստակ գիտակցումը»,- եզրափակում է Տեր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը: