Մանիպուլյացիա էին անում, թե ադրբեջանցիները ռուսների հետ են դրոշը տեղադրում Հակարիի կամրջի մոտ. Սերգեյ Մելքոնյան
07 Հուլիսի 2023, 16:28
Տելեգրամում այսօր տարածվել է մի տեսանյութ, որում երեւում է, թե ինչպես են ռուս խաղաղապահները խոչընդոտում ադրբեջանցիներին Հակարիի կամրջի մոտ տեղադրել իրենց դրոշը: Տեսանյութը հունիսի 15-ին նույն կամրջի մոտ տեղի ունեցած միջադեպն է ներկայացնում: Ադրբեջանական կողմն այն ժամանակ փորձել էր Հակարիի կամրջի ուղղությամբ առաջանալ եւ Ադրբեջանի դրոշը տեղադրել, բայց Հայաստանի ԱԱԾ սահմանապահ ծառայությունը կանխել էր այն: Որոշ լրատվամիջոցներ այդ միջադեպից տեսանյութ էին տարածել եւ գրել, թե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների ուղեկցությամբ են տեղադրում դրոշը:
Alpha News-ի հետ զրույցում «Հայկական նախագիծ» կազմակերպության համահիմնադիր Սերգեյ Մելքոնյանը նշեց, որ նախկինում տարածված կարճ տեսանյութով փորձ էր արվում մանիպուլյացնել իրավիճակը եւ հասարակական կարծիք ձեւավորել, թե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների աջակցությամբ են տեղադրում դրոշը:
«Նախկինում դիսկուրս էին ստեղծել, թե ադրբեջանցիները ռուս խաղաղապահների աջակցությամբ տեղադրեցին դրոշը, որն աշխատեց, հիմա զուգահեռ դիսկուրս է ստեղծվում, որը ցույց է տալիս, որ ռուս խաղաղապահները խոչընդոտում էին դրոշի տեղադրմանը, բացի այդ, կադրում երեւում է, թե ինչպես է ադրբեջանական կողմը պայմանավորվում հայկական կողմի հետ եւ տեղադրում դրոշը»,- ասաց Սերգեյ Մելքոնյանը:
Մելքոնյանն ընդգծեց՝ տելեգրամում տարածված այս նոր տեսանյութն էլ մոնտաժված է, հետեւաբար, պատկերն ամբողջական չէ, բայց եղած կադրերից կարելի է վստահ ասել, որր ռուս խաղաղապահները խոչընդոտել են ադրբեջանցիներին տեղադրել դրոշը:
«Կադրում երեւում է, թե ինչպես է ռուս խաղաղապահների զինտեխնիկան փակում Լաչինի միջանցքը, որպեսզի կասեցնի ադրբեջանական այլ զորքերի շարժը, որովհետեւ նրանք շատ հեշտ կարող էին քանակապես շատացնել իրենց ներկայությունն այնտեղ ու պրովոկացիան այլ ուղղությամբ կգնար, խոսքը ուղիղ բախումների մասին է, բայց ռուսները դա կանխեցին»,- ասաց Մելքոնյանը:
Հիշեցնենք՝ հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Ադրբեջանն արգելել է Լաչինի միջանցքով հումանիտար բնույթի բեռնափոխադրումներն ու քաղաքացիների տեղաշարժը: Արգելված էր նաեւ բուժառուների տեղափոխումը, սակայն օրեր անց Կարմիր Խաչը կրկին կարողացավ Արցախից բուժառուներ տեղափոխել Հայաստան: Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: