Մենք այստեղ սոված մնացողը չենք, միայն Արցախի հողում լինենք. մանկավարժից հողագործ դարձած Ծովինարի պատմությունը

07 Հուլիսի 2023, 23:35

Հայեր

Շրջափակման մեջ հայտնվելով, յուրաքանչյուր արցախցի գոյատևելու ու պայքարելու իր ձևն է ընտրել: Մարտունու շրջանի Սարգսաշեն գյուղից մանկավարժ Ծովինարն այժմ հողագործությամբ է զբաղվում՝ ելակ է մշակում: Որ Արցախում է, դա արդեն հերիք էր Ծովինարին, պատրաստ էր ամեն աշխատանքի, միայն թե հայրենի հողին մոտ լիներ:

44-օրյա պատերազմից հետո մոտ 300 բնակիչ ունեցող Սարգսաշենը մնաց թշնամու հսկողության տակ: Գյուղացիներն անգամ փաստաթղթերը չէին հասցրել վերցնել, բայց ամենացավալին տներում ընտանեկան լուսանկարները թողնելն է եղել:

«Բենզին չկա, պեսուկ չկա, մարոժնի չկա, քինդեր չկա…. էլ մորի չկա»,- թվարկում է Ծովինարի դուստրը՝ Անուշը:

Ազնվամորու առաջին քաղից գոհ է մանկավարժ-հողագործը, վաճառքի արդյունքը՝ գոհացուցիչ, գնորդների պակաս չի ունեցել.

«Բոլորը գոհ էին թե՛ որակից և թե՛ մեր առաջարկած գնից: Բայց կարկտի հետևանքով մեր աճեցրածի մեծ մասը կորցրել ենք, օրինակ, ընդամենը մոտ 15 կգ լոբի ենք կարողացել վաճառել, մնացածն արդեն պիտանի չէ, նույնը՝ կարտոֆիլը, եգիպտացորենը, լոլիկը»,- «Արցախպրեսին» պատմում է Ծովինարը ու շարունակում.

«Հողի հետ աշխատելը հեշտ գործ չէ, բայց այն սրբություն է, և ամեն մարդ իր ձևով է փայփայում այն: Մենք այստեղ սոված մնացողը չենք: Կարևորը երկինքը խաղաղ լինի»:

Ծովինարի ամուսինը կրկին կամավոր է, երկրի բարձունքներում: