Արցախի նախագահի թեկնածու չի առաջադրվել, ինչը լուրջ խնդիրներ է առաջացնում. Մետաքսե Հակոբյան

Մայիսի 28-ին լրացել է Արցախի նախագահի թեկնածուի առաջադրման վերջնաժամկետը, սակայն որևէ թեկնածու չի առաջադրվել: Alpha News-ը թեմայի վերաբերյալ զրուցել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի հետ:

«Ստեղծված իրավիճակում Արցախի ԱԺ-ն ցանկացած գործընթաց իրականացնելիս մի շարք խոչընդոտների է բախվում: Դրանք և՛ իշխանության կողմից ճնշումներն են, և՛ ներքին անհամաձայնությունները: Մենք այս փուլում կարողացանք Արցախի Ազգային ժողովի նախագահ ընտրել, որը ևս դժվար, ամիսներ շարունակ տևած գործընթաց էր: Բայց, ցավոք, նախագահի առաջադրման ժամկետների շրջանակում որևէ մեկի թեկնածությունը չառաջադրվեց, ինչը բովանդակային լուրջ խնդիրներ է առաջացնում»,- նշել է Հակոբյանը:

Alpha News-ի հարցին, թե ինչու որևէ կուսակցություն թեկնածու չի առաջադրել, պատգամավորն ընդգծել է.

«Մեր խմբակցությունն ամենափոքրն է, և չեմ կարծում, որ լուրջ կդիտարկվեր կամ զուտ քաղաքական բարոյականության տեսանկյունից ճիշտ կընկալվեր, եթե խմբակցությունը թեկնածու առաջադրեր: Ցավոք սրտի, ո՛չ ամենամեծ, և ոչ էլ մեծությամբ երկրորդ խմբակցություններից չեղավ առաջադրում: Եվ տպավորություն է՝ հեռու են իրենց պահում: Այս պարագայում մեր կուսակցության կողմից առաջադրումը լուրջ չէր ընկալվելու և որևէ արդյունք չէր տալու: Իսկ անլուրջ գործընթացների մեջ մտնելու որևէ նպատակ մենք չունենք»:18:29

Հիմա եթերում