Սվարովսկի՞ն է Պռեգոմեշի կողքին, թե՞ Պռեգոմեշը՝ Սվարովսկու
Գլենդելի ամենահայտնի Glendale Galleria Mall առևտրի կենտրոնում կողք կողքի կգործեն երկու հայտնի բրենդներ։
Հանրահռչակ Swarovski-ի կողքին իր մշտական գրասենյակը ստացավ հայկական Pregomesh-ը։
Ծրագիրն իրականացնելու համար թիմը երկար պատրաստվել է։ Pregomesh-ի մարքեթոլոգ Անին պատմում է, որ տասներեք տարի շարունակ առաջնորդվել են աշխատասիրության, չհանձնվելու և նպատակասլացության սկզբունքներով։ Նախագծի մենեջեր Արթին Պողոսյանի խոսքով՝ նման տարածքում խանութ ունենալը այնքան էլ հեշտ չէր, և հիմա, երբ այն արդեն իրականություն է, ապրում են հպարտության զգացում։
ԱՄՆ-ում արդեն բավականին ճանաչում ձեռք բերած Pregomesh-ի զարդերի սրահի բացմանը ներկա գտնվելու նպատակով Երևանից ժամանել էր բրենդի հիմնադիրը՝ սիրված երգչուհի Սիրուշոն։
Alpha News-ի հետ զրույցում Սիրուշոն ընդգծեց, որ սրահն ամբողջովին ձևավորված է հայկական շնչով՝ կարպետներ, գրքեր, նախշազարդեր, և, իհարկե, միայն հայկական երաժշտություն։
Այցելուների հոսքը Pregomesh-ում չի դադարում։ Ինչպես մեր հայրենակիցները, այնպես էլ օտարերկրյա այցելուները մոտենում էին՝ հիանում ներկայացված հայկական ապրանքանիշի բարձրորակ արտադրանքով, լուսանկարվում սիրված երգչուհու հետ, զրուցում և «մի կտոր Հայաստան» էին տանում՝ ընդմիշտ կրելու ցանկությամբ։