ՌԴ-ի ջանքերն ուղղված են նրան, որ այդ սարսափը հնարավորինս արագ ավարտվի. Զատուլինը՝ իրանա-իսրայելական պատերազմի մասին
18 Հունիսի 2025, 21:15
Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը «Ռուս-իրանական համագործակցությունը փոփոխվող աշխարհում» III միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակներում Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է Իսրայելի և Իրանի միջև հակամարտությունը։
Պատգամավորի խոսքով՝ սխալ է ցանկացած ակնարկ և թյուր մեկնաբանություն, թե Ռուսաստանի համար ձեռնտու կարող է լինել, որ ինչ-որ տեղ հակամարտության հերթական կրակը բռնկվի։
«Դատելով արևմտյան աշխարհում տեղի ունեցողից, գուցե, դա իսկապես շեղում է ուշադրությունը, այդ թվում՝ Կիևի ռեժիմի բարերարների ուշադրությունն Ուկրաինային աջակցելուց, բայց դա ոչ մի կերպ մեր ցանկությունը չէ, մեր ընտրությունը չէ կամ մեր ռազմավարական նպատակը: Մեր հարաբերություններն Իրանի հետ կրում են ռազմավարական բնույթ։ Իրանը մեզնից առաջ ենթարկվել է պատժամիջոցային ճնշման, անցել է այդ ճանապարհով մեզնից առաջ և մշակել է որոշակի իմունիտետ։
Իրանը ստորագրել է մեզ հետ համապարփակ գործընկերության համաձայնագիր, այն վավերացվել է, և այս փաստաթղթի արագացված վավերացումը, դրա ստորագրումը Ռուսաստանի կողմից նախազգուշացում էր այն մասին, որ ՌԴ-ն իրականում համագործակցում է Իրանի հետ, և դա պետք է գնահատվի բոլոր նրանց կողմից, ովքեր ցանկանում են վնաս հասցնել Թեհրանին, իսկ նրան վնաս հասցնելով, բնականաբար, վնաս կհասցվի ռուս-իրանական հարաբերություններին»,-ասել է Զատուլինը:
Պատգամավորի խոսքով՝ Իրանի հետ հնարավոր չի լինի կրկնել այն, ինչ եղավ Իրաքի դեպքում:
«Ինչ վերաբերում է բուն պատերազմին, որն այժմ շարունակվում է, պարզ է, որ դրա առանձնահատկությունները կապված են այն բանի հետ, ինչը մենք չենք տեսնում: Քիչ հավանական է, որ կտեսնենք բանակի որևէ տեղաշարժ, Իրանի և Իսրայելի միջև ընդհանուր սահման չկա: Թեև դժվար է որևէ բան հերքելը, բայց մենք գիտենք, որ նորագույն պատմության մեջ եղել են դիվերսիաների փորձեր, վայրէջքներ Իրանի տարածքում, և բոլորը տխուր ավարտ են ունեցել: Չեմ հավատում, որ Իրանի դեպքում կլինի այն, ինչ եղավ Իրաքի դեպքում»,- նշել է Զատուլինը։
Ըստ պատգամավորի՝ Իսրայելը մտադիր էր ԱՄՆ-ին ներքաշել այս պատերազմի մեջ՝ ցանկալի հաղթանակի հասնելու համար։
«Խոսքը ոչ միայն Իրանի ներկայիս ռեժիմը տապալելու, այլև երկրի տարածքային ամբողջականությանը հարված հասցնելու ցանկության մասին է: Սրանք կոչեր են, որպեսզի հարևաններն առանց ժամանակ կորցնելու Իրանի հաշվին օգուտ քաղեն: Այս կոչերը Իսրայելի ղեկավարության կողմից արվել են այս գործողության հենց սկզբից: Կարծում եմ՝ պետք է հասկանալի լինի, որ ՌԴ նախագահի, ՌԴ ԱԳՆ-ի ջանքերն ուղղված են այս սարսափի շուտափույթ դադարեցմանը»,- եզրափակել է Զատուլինը։