Իրան-Իսրայել հակամարտության շուրջ իրավիճակը հունիսի 23-ին

23 Հունիսի 2025, 10:52

Քաղաքականություն

Հունիսի 22-ին ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերն Իսրայելի հետ համաձայնեցմամբ գրոհել են Ֆորդո, Նաթանզ և Սպահան քաղաքների հիմնական միջուկային օբյեկտները: Հունիսի 23-ի առավոտյան Իրանը համապատասխան հարված է հասցրել. առնվազն 27 բալիստիկ հրթիռ է արձակվել Թել Ավիվի, Հայֆայի և Բեն Գուրիոնի միջազգային օդանավակայանի ուղղությամբ։ Հրթիռների մի մասը ճեղքել է «Երկաթե գմբեթ» պաշտպանական համակարգը։ Հաղորդվում է տուժածների և լուրջ ավերածությունների մասին։

Ի պատասխան Թեհրանի հարձակման՝ Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Թեհրանի, Շահրուդիի և Յազդի ռազմական օբյեկտներին, ներառյալ՝ հրթիռների գործարաններն ու զինամթերքի պահեստները: Իսրայելում գործում է արտակարգ դրության ռեժիմ. փակ են կրթական հաստատությունները, չեղյալ են հայտարարվել բոլոր զանգվածային միջոցառումները։ Տրանսպորտի խափանումներ և ավերածություններ են գրանցվել Հայֆայում, Աշկելոնում և այլ բնակեցված շրջաններում։

Թեհրանը հայտարարել է «ԱՄՆ-ին վնաս հասցնելու» հնարավորության մասին և մարտական պատրաստվածության բերել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, որը հայտարարել է Հորմուզի նեղուցի փակման մասին, որով անցնում է համաշխարհային նավթի մինչև 20%-ը։ Տարածաշրջանից արդեն հեռացել են լցանավերը։

ՌԴ արտաքին գործերի նախարարությունը հանդես է եկել կոշտ հայտարարությամբ՝ դատապարտելով Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներն Իրանի միջուկային ենթակառուցվածքներին և կոչ Է արել Իսրայելին անհապաղ դադարեցնել ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների տակ գտնվող օբյեկտների վրա հարձակումները: Ռուսաստանը նաև իր աջակցությունն է հայտնել Իրանին՝ նշելով իր հավատարմությունը Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագրին և հայտնել հրադադարի պայմանով ԱՄՆ-ի հետ բանակցելու պատրաստակամություն:

Պեկինը ողջունել է 21 արաբական և իսլամական երկրների համատեղ հայտարարությունը, որը դատապարտում է Իսրայելի հարձակումն Իրանի վրա։ Չինաստանի ԱԳՆ խոսնակ Գո Ցզյակունն ընդգծել է, որ առաջնահերթությունը հրադադարն է և երկխոսության վերադարձը։ Չինաստանը նաև կոչ է արել անհապաղ դադարեցնել կրակը, աջակցել դիվանագիտական ջանքերին և խոստացել է նպաստել լարվածության թուլացմանը: