Կարապետյանի ուղղորդված կալանավորումից հետո գործարարները կցանկանա՞ն ՀՀ-ում ներդրում անել. Լուլուկյան
23 Հունիսի 2025, 19:00
Սա անընդունելի երևույթ է, Սամվել Կարապետյանը ազգային բարերարներից մեկն է: Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամ Սամվել Լուլուկյանը:
«Սամվել Կարապետյանը միշտ պետության և հայ ժողովրդի կողքին է եղել: Սա անընդունելի երևույթ է մի մարդու նկատմամբ, ով տասնամյակներ շարունակ ներդրումներ է կատարել Հայաստանում և Արցախում: Սամվել Կարապետյանը քաղաքականության մասին ընդհանրապես չի խոսել: Նրա հայտարարության մեջ հստակ նշվում է, որ ինքն աջակցում է Հայ Առաքելական եկեղեցուն և թույլ չի տա հարձակում եկեղեցու նկատմամբ»,- ասել է Սամվել Լուլուկյանը:
Նա հարցադրում է արել, թե արդյոք այս իրողությունը տեսնելով՝ արտասահմանից տարբեր գործարարներ կցանկանան ներդրումներ անել Հայաստանում:
Նա նաև նշել է, որ ՀՀ իշխանություններն այս քայլերով հարվածում են միասնականությանն ու մեր կարևորագույն հիմնասյանը՝ եկեղեցուն:
«Մյուս կողմից էլ, անհասկանալի է այն, որ տարածաշրջանում տագնապալի իրավիճակի պայմաններում ՀՀ վարչապետը ժամանակ ունի և գրառումներ է կատարում ֆեյսբուքյան էջում: Այլ կարևոր հարցեր չունե՞նք այս իրավիճակում, չպե՞տք է վայրկյան առաջ ուժեղացնենք մեր անվտանգությունը: Հայ Առաքելական եկեղեցին մեծ դեր ունի Սփյուռքում, իսկ Թուրքիայում ու Ադրբեջանում դա հասկանում են և զգում են վտանգը: Էրդողանը բազմիցս նշել է, որ իր համար թիվ մեկ թշնամին Սփյուռքն է: Եվ ինչպե՞ս կարելի է նման պայմաններում հարված հասցնել եկեղեցուն և պետությանը»,-հավելել է Գերմանահայոց կենտրոնական խորհրդի վարչության անդամը: