Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի
25 Հունիսի 2025, 19:52
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։
ԿԳՄՍՆ-ի փոխանցմամբ՝ փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։
Փառատոնի ավարտին ԵՊԿԵ-ն արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանի և շնորհակալագրի:
Music Edict փառատոնն անցկացվում է 2009 թվականից՝ երկու տարին մեկ անգամ, որի ընթացքում մասնակիցները կատարում են իրենց երկրների հոգևոր երաժշտությունը՝ մայրենի լեզվով։ Փառատոնը կազմակերպվում է Նիշ քաղաքում՝ Կոստանդին Մեծի ծննդավայրում՝ ընդգծելու դրա նշանակությունը՝ որպես քրիստոնեական աշխարհի կարևոր կենտրոններից մեկը և ստեղծելու պատմական կամուրջ Արևելքի և Արևմուտքի միջև։