Առաջին անգամ մենք հրապարակավ հայտարարեցինք, որ Թուրքիան խախտել է Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները. Վլադիմիր Ավատկով
11 Հուլիսի 2023, 17:37
Թուրքական կողմը խախտել է Ռուսաստանի հետ կնքված պայմանագրերը, և ռուսական կողմը, տեւական ժամանակի ընթացքում առաջին անգամ, հրապարակայնորեն հայտարարում է այդ մասին: Alpha News-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԳԱ Հասարակական գիտությունների ինստիտուտի Միջին և հետխորհրդային արևելքի ամբիոնի վարիչ, ՌԴ արտգործնախարարության դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսոր Վլադիմիր Ավատկովը՝ անդրադառնալով «ազովցիներին» Ուկրաինային արտահանձնելու` Թուրքիայի քայլի հնարավոր ազդեցությանը ռուս-թուրքական հարաբերությունների վրա:
«Իհարկե, դա այնքան էլ ընդունելի չէ միջպետական համագործակցության տեսանկյունից, հատկապես, որ Ռուսաստանի և Թուրքիայի ղեկավարները տարիների ընթացքում նորմալ փոխգործակցություն են զարգացրել։ Մեզ թվում էր, թե սովորել ենք հասկանալ միմյանց, լսել միմյանց մտահոգությունները։
Առաջնորդների մակարդակով այս լավ հարաբերությունները հնարավորություն տվեցին լուծել շատ մեծ խնդիրներ, որոնք նախկինում կային»,- ասել է նա։
Ավատկովի խոսքով, սակայն, դա չի բացառել այն դժվարությունները, որոնք եղել են մի շարք տարածաշրջաններում երկու երկրների միջեւ, որոնցում բախվել են ռուս-թուրքական հարաբերությունները։
«Բայց առաջնորդների միջև գոնե լավ հարաբերությունները թույլ տվեցին խուսափել մեր երկրների հարաբերություններում արմատական խնդիրներից։ Ինչ վերաբերում է ստեղծված իրավիճակին, ապա այն աննախադեպ է նրանով, որ թուրքական կողմը խախտել է այն պայմանավորվածությունները, որոնք եղել են Ռուսաստանի հետ։ Հենց դա է նրան կարևոր դարձնում։ Եվ դա նաև կարևոր է, քանի որ երկար ժամանակ անց առաջին անգամ մենք հրապարակավ հայտարարեցինք, որ թուրքական կողմը խախտել է այս նույն պայմանավորվածությունները»,- ընդգծել է փորձագետը։
Նա նշել է, որ այս իրավիճակը նույնպես կարևոր է, քանի որ փորձում են «ճանճից» «փիղ» սարքել։
«Փաստացիորեն, ի՞նչ ստացավ Զելենսկին Թուրքիա կատարած այցից: Նա ստացել է միայն այն, որ այդ հինգ անձին արտահանձնել են իրեն: Նա զենք չի ստացել, փող չի ստացել, ոչինչ չի ստացել, բացի այս հինգ հոգուց»,- ասել է Ավատկովը՝ հավելելով, որ Կիևի մերձակայքում Բայրաքթարների արտադրության գործարան ստեղծելու վերաբերյալ պայմանավորվածությունները նոր չեն, այլ հին են:
«Իսկ Ռուսաստանն արդեն շատ հստակ հայտարարել և մեկ անգամ չէ, որ ընդգծել է՝ դա հարվածների համար լեգիտիմ թիրախ կլինի։ Հարցի մեկ այլ կողմ կա՝ սա այն փաստն է, որ արևմտյան գործընկերներն այժմ ճնշում են Անկարային՝ պահանջելով, որ նա հետևի ԱՄՆ-ի տրամաբանությանը։ Թուրքիան դիմադրում է և հակընդդեմ պահանջներ է առաջադրում։ Դե, մասնավորապես, նա պահանջում է Շվեդիայի՝ ՆԱՏՕ անդամակցույան դիմաց իր մուտքը Եվրամիություն։
Եվ, փաստորեն, այստեղ Թուրքիայի համար ուկրաինական հաղթաթուղթը Արեւմուտքի հետ երկխոսության հաղթաթուղթն է։ Արեւմուտքը լսում է այն, ինչ ուզում է լսել. Թուրքիան ասում է, որ Ուկրաինայի հարցում Արևմուտքի կողմից է։ Բայց մի բան է՝ խոսելը և մեկ այլ բան՝ անելը»,- եզրափակել է Ավատկովը: