Աշխարհում չկա որեւէ այլ կետ, որտեղ Կարմիր խաչի նկատմամբ նման վերահսկողություն լինի. Արցախի ՄԻՊ

11 Հուլիսի 2023, 16:55

Քաղաքականություն

Ադրբեջանը մաքսանենգության պատրվակով խոչընդոտում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործունեությունն Արցախում: Alpha News-ի եթերում այս մասին ահազանգել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքով այսօրվանից ԿԽՄԿ-ի մեքենաների տեղաշարժման արգելքին:

«Պարզ է, որ Ադրբեջանը ցանկացած պատրվակ օգտագործում է՝ խոչընդոտելու Կարմիր խաչի գործունեությունն Արցախում: Փաստացի, հունիսի 15-ից հետո Կարմիր խաչը միակ կազմակերպությունն էր, որը կարողանում էր հումանիտար գործառույթ իրականացնել Արցախում: Կարմիր խաչի միջոցով միայն բուժառուների տեղափոխում եւ խիստ սահմանափակ քանակությամբ դեղորայքի փոխադրում էր իրականացվում Արցախից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ:

Ադրբեջանը հերթական քայլն է ձեռնարկել Արցախում հումանիտար աղետը խորացնելու եւ անտանելի իրավիճակ ստեղծելու համար, որպեսզի հետագայում իր քաղաքական պահանջները առաջ մղի: Իսկ հիմնավորումը, թե մաքսանենգություն է կատարվել, ուղղակի պատրվակ է»,- ասաց Գեղամ Ստեփանյանը:

Արցախցի պաշտոնյան հղում արեց 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը, որում նշված է, որ Լաչինի միջանցքով քաղաքացիների եւ տրանսպորտային ու բեռնատար միջոցների երթեւեկությունը պետք է անխոչընդոտ իրականացվի, ինչն ըստ Ստեփանյանի՝ բացառում է մաքսային կամ այլ տեսակի վերահսկողություն:

«Բացի այդ՝ Կարմիր խաչը գործունեություն է իրականացնում անկախության, չեզոքության շրջանակներում եւ աշխարհում չեք գտնի որեւէ մեկ այլ կետ, որտեղ Կարմիր խաչի գործունեության նկատմամբ նման վերահսկողություն լինի: Սա ոչ այլ ինչ է, քան Ադրբեջանի հանցավոր քաղաքականության հերթական դրսեւորումը, որն առիթը բաց չի թողնում Արցախում եւս մեկ անգամ իրավիճակը թեժացնելուց»,- նշեց Մարդու իրավունքների պաշտպանը:

Նշենք՝ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունն այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեին մեղադրել է մաքսանենգության համար եւ այդ պատրվակով արգելել է կառույցի մեքենաների շարժը Լաչինի միջանցքով:

Կարմիր խաչի միջազգային կոմիտեն արձագանքելով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության հայտարարությանը, հաղորդել է, որ տեղյակ է Լաչինի միջանցքով չթույլատրված ապրանքների տեղափոխման վերաբերյալ բարձրաձայնված մտահոգությունների մասին եւ անընդունելի է համարում նման գործողությունները։ Հիշեցնենք՝ հունիսի 15-ին՝ Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:

Ադրբեջանը միայն Կարմիր խաչին էր թույլատրում բուժառուներ տեղափոխել, այսօրվանից դա էլ է արգելել:

Խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։

Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: