Շուշիի կորուսյալ թանգարանների թվային կատալոգները ներկայացվեցին Երևանում

09 Հուլիսի 2025, 20:00

Մշակույթ

Հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Փաստագրում՝ հանուն պահպանության» ծրագրի ավարտական շնորհանդեսը։ Միջոցառումը կազմակերպվել էր «Արցախի մշակույթի և զբոսաշրջության զարգացման գործակալություն» ՀԿ-ի նախաձեռնությամբ և նպատակ ուներ ներկայացնել Շուշի քաղաքի չորս կորուսյալ թանգարանների թվային կատալոգների ստեղծման արդյունքները։

«Արցախի մշակութային ժառանգության պահպանությունն այսօր առաջնային մարտահրավերներից մեկն է, ինչպես Արցախի և Հայաստանի, այնպես էլ աշխարհասփյուռ հայության համար»,- ասել է Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության պաշտպանության հանրային խորհրդի նախագահ Սերգեյ Շահվերդյանը:

Շնորհանդեսի ընթացքում ներկայացվել են կատալոգների վերստեղծված հատվածներ, աշխատանքների ընթացքն ու մեթոդաբանությունը։ Միջոցառման շրջանակում ելույթ են ունեցել ոլորտի մի շարք մասնագետներ, ինչպես նաև անցկացվել է բրիֆինգ՝ նվիրված Արցախի բռնազավթված տարածքներում մշակութային ժառանգության ոչնչացման շարունակական դեպքերին։