Գլենդելում ի պաշտպանություն եկեղեցու հանրահավաք է տեղի ունեցել

14 Հուլիսի 2025, 12:18

Քաղաքականություն

Հուլիսի 13-ին Գլենդելում՝ Հայաստանի հյուպատոսության դիմաց, տեղի է ունեցել «Ազգային ճակատ» շարժման նախաձեռնած հանրահավաքը՝ ի պաշտպանություն Հայոց Եկեղեցու և ընդդեմ Հայաստանում լայն թափ առած անհիմն ու ապօրինի բռնաճնշումների։

Լոս Անջելեսի հայկական սփյուռքի բազմաթիվ ներկայացուցիչներ՝ համայնքային, հոգևոր ու հասարակական գործիչներ, ելույթներով պահանջել են անհապաղ դադարեցնել Հայաստանի իշխանությունների կողմից Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների, ազգային բարերարների և ազգային դիմագիծ ունեցող գործիչների նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև ազատ արձակել ներկայումս կալանքի տակ գտնվողներին:

Ելույթներում շեշտվել է, որ եկեղեցու ինքնիշխանության ու կրոնական ազատության պաշտպանությունը համահայկական առաջնահերթ խնդիր է, իսկ պետության ցանկացած ոտնձգություն հայ սփյուռքը դիտում է որպես հարված ողջ ազգային ինքնությանը։