Ռուսաստանցուն «ռուս խոզ» անվանած ադրբեջանցի մարզիկին զրկել են ՌԴ քաղաքացիությունից

17 Հուլիսի 2025, 15:10

Սպորտ | Քաղաքականություն

Ադրբեջանցի խառը ոճի մարտիկ (MMA) Ջավիդ Ռզաևին, ով մրցաշարի ժամանակ վիրավորել է ռուսաստանցի մարզիկ Արթուր Կուլինսկուն` նրան անվանելով «ռուս խոզ», զրկել են Ռուսաստանի քաղաքացիությունից: Այս մասին գրում է «Lenta.ru»-ն:

Համացանցում հայտնվել են կադրեր, որոնցում ԱԴԾ-ի (ФСБ) աշխատակիցը մարզիկի համար կարդում է Ռուսաստանից արտաքսվելու հիմքը: Ռզաևին մեղադրում են այնպիսի գործողությունների կատարման մեջ, որոնք «բացասաբար են ազդում երկրի քաղաքական և սոցիալական կայունության վրա»։ Մարտիկը հրաժարվել է փաստաթղթին ծանոթանալու առաջարկից և անմիջապես ստորագրել այն։

Միջադեպը տեղի է ունեցել 2024 թվականի հուլիսին Hardcore FC կազմակերպության մրցաշարում։ Ռզաևը մենամարտից հետո վիճաբանել է Արթուր Կուլինսկու հետ և վիրավորել նրան, ինչպես նաև դուրս է եկել օկտագոնից և փորձել ծեծկռտուք կազմակերպել: Դրանից անմիջապես հետո նա ներողություն է խնդրել ռուս մարզիկից, իրեն անվանել հիմար և անուղեղ ոչխար և հայտարարել, որ ինքն իրեն ռուս է համարում:

Նշենք նաև, որ Ռուսաստանի բռնցքամարտի ֆեդերացիան մրցումներից ցմահ հեռացրել է Ջավիդ Ռզաևին։