Օգտվելով ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությունից՝ հաղթեցինք Գերմանիային. գործարար
13 Հուլիսի 2023, 18:33
«Ռուբլու կուրսի անկմամբ պայմանավորված՝ դեպի Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրների ունիվերսալ լուծում գոյություն չունի»,- Alpha News-ի հետ զրույցում ասում է «ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Բաբաջանյանը: Նրա ընկերությունը զբաղվում է հանքային և խմելու ջրերի և ոչ ալկոհոլային խմիչքների շշերի համար ալյումինե կափարիչների արտադրությամբ, որն արտահանվում է տարբեր երկրներ:
Ռուսատան կամ ԵԱՏՄ երկրներ արտահանումը կատարվում է ռուբլով: Ընկերության տնօրենն ասում է, որ ռուբլու անկման գործոնով պայմանավորված յուրաքանչյուր խնդիր հնարավոր է օպտիմալ լուծել. «Կարելի է այնպես անել, որ քո գնորդը կամ չտուժի կամ տուժի շատ քիչ, ինչպես և մենք՝ արտադրողներս չտուժենք, կամ տուժենք շատ քիչ»: Նրա խոսքով՝ իրենց բիզնեսի դեպքում, ռուբլու անկման խնդիրները որոշակիորեն հարթվում են գործընկեր բանկի միջոցով:
«Մենք կարողանում ենք գնորդի հետ գինը պայմանավորվելուց առաջ, բանկի հետ գալ համաձայնության»,- բացատրում է գործարարը: Վահան Բաբաջանյանը նշում է՝ բանկի հետ կնքում են համապատասխան պայմանագիր, ըստ որի, ռուբլու անկման դեպքում բանկն ինքն է ծածկում կորուստների մի մասը:
«Սա հնարավորություն է տալիս մեզ կուրսի՝ վատ եւ ի վնաս մեզ, տատանման դեպքում ապահավոգրվել մեծ կորուստներից»,- ընդգծում է գործարարը: Ըստ Բաբաջանյանի, այս տարբերակով ֆինանսական կորուստները թեպետ չեն բացառվում, բայց դրանք նվազագույնի են հասցվում:
Վահան Բաբաջանյանի խոսքով՝ իրենց արտադրանքի հումքի մոտ 80 տոկոսը ներկրվում է Իտալիայից և Գերմանիայից՝ մասնավորապես, ալյումինը, որով էլ պատրաստվում են շշերի տարաները. «Մեր արտադրանքի մեծ մասի ինքնարժեքը գնվում է եվրոյով և միայն այն մնացած 20 տոկոսի մեջ կարող ենք կորուստ ունենալ: Մենք եվրոյով առնում ենք՝ եվրոյով էլ վաճառում:
Մենք ԵԱՏՄ երկիր ենք, սրա մեջ կա հսկայական պոտենցիալ, որը պետք է փորձել տեսնել, այն, գուցե և մակերեսին է, բայց շատերը չեն տեսնում»,- արձանագրում է Վահան Բաբաջանյանը եւ հավելում՝ իրենց կազմակերպությունն օգտվում է այդ հնարավորությունից:
Գործարարը բացատրում է՝ մինչև վերջերս, երբ գործարանը արտերկրից ձեռք էր բերում ալյումին և ներկրում այն Հայաստան, որպեսզի արտադրեր կափարիչները, մաքսատուրք էր վճարում.
«Ստացվում էր, որ արտերկրում արտադրված ապրանքը ներկրելիս՝ մաքսատուրք անհրաժեշտ չէր, մինչդեռ Հայաստանում արտադրելու դեպքում, պետք է վճարվեր մաքսատուրք: Եվ, ստացվում էր, որ տեղում արտադրված ապրանքի ինքնարժեքը բարձրանում էր»: Նա նշում է, որ խնդրով դիմել են կառավարությանը՝ բացատրելով, որ այպիսի արտադրություն կա աշխարհում ընդամենը 1-2 տեղ: Արդյունքում՝ ընկերությունը ստացել է առավելություն: «Եթե ինչ-որ մեկը այլ երկրներից այս ապրանքը արտահանի Ռուսաստան, պետք է վճարի մաքսատուրք, իսկ մենք՝ ոչ, որովհետև ԵԱՏՄ երկիր ենք»,- նշում է Վահան Բաբաջանյանը:
Երկրները, որոնք մրցակցում էին ռուսական շուկայի համար, առաջատար եվրոպական երկրներ են՝ օրինակ Գերմանիան: Գործարարը պատմում է՝ գերմանական արտադրանքին հաղթել են հենց ԵԱՏՄ-ի ընձեռած հնարավորությամբ: Մաքսատուրք չվճարելու շնորհիվ Հայաստանում արտադրված կափարիչների ինքնարժեքը բավականին նվազել է, հայկական արտադրանքը իր գնով գրեթե հավասարվել է Գերմանիայում արտադրված ապրանքի գնին: Արդյունքում՝ ռուսական շատ ընկերություններ իրենց նախապատվությունը տվել են Հայաստանում իտալական հումքով արտադրված կափարիչներին:
«ՅՈՒՆԻՎԵՐՍԱԼ ՔԼՈԶՐՍ» ՓԲԸ-ի տնօրեն Վահան Բաբաջանյանն եզրափակում է՝ իր ներկայացրածը ԵԱՏՄ անդամ երկրի հնարավորությունների միայն մի մասն է: