ՀՀ-ն երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը. վարչապետի խոսնակ
21 Հուլիսի 2025, 16:50
Հայաստանի Հանրապետությունը երբևէ որևէ մեկի հետ չի քննարկել, չի քննարկում և չի քննարկելու Ադրբեջանի նախագահի նշած անվանաբանությունը և դրանից բխող տրամաբանությունը, «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան հայտարարել է ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախօրեին կրկին պնդելով, թե Հայաստանը պետք է «անխոչընդոտ ու անվտանգ մուտք ապահովի Ադրբեջանից՝ Ադրբեջան», մանրամասնել է, թե ինչ է հասկանում դրա տակ։ «Ադրբեջանական բեռները և Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հայ սահմանապահների կամ որևէ մեկի երեսը տեսնեն։ Ֆիզիկական շփում չպետք է լինի, պետք է լինեն երաշխավորված անվտանգության միջոցներ, որպեսզի մեր ժողովուրդը և բեռները ազատորեն անցնեն»,- թվարկել է նա, հավելելով՝ այս պահանջը կրկնել է նաև Աբու Դաբիում կայացած վերջին հանդիպման ժամանակ։
«Հայաստանի Հանրապետությունը թե՛ Ադրբեջանի, թե՛ միջազգային մյուս գործընկերների հետ քննարկում է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։ Հայաստանի Հանրապետությունը նաև ակնկալում է Ադրբեջանի Հանրապետության տարածքով Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի և ՀՀ մնացած մասի միջև, ինչպես նաև երրորդ երկրներից և դեպի երրորդ երկրներ տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակում։ Իր հերթին Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է իր տարածքով ապահովել Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետության միջեւ, ինչպես նաեւ Ադրբեջանից դեպի երրորդ երկրներ եւ երրորդ երկրներից տրանսպորտային հաղորդակցությունը։ Այս ամենը պետք է տեղի ունենա երկու երկրների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության լիարժեք հարգման եւ փոխադարձության սկզբունքով։ Ս/թ հուլիսի 10-ին Աբու Դաբիում եւ դրանից առաջ կամ դրանից հետո որեւէ այլ տարբերակ Հայաստանի Հանրապետությունը չի քննարկել եւ չի քննարկելու»,- նշել է Բաղդասարյանը։
Վարչապետի խոսնակն ընդգծել է, որ Իլհամ Ալիևի ասածը, թե Ադրբեջանի քաղաքացիները չպետք է հանդիպեն հայկական սահմանապահ ծառայությանը, դուրս է տեղի ունեցած քննարկումների տրամաբանությունից՝ ընդգծելով՝ «դա, ըստ էության, թաքնված տարածքային պահանջ է Հայաստանի Հանրապետության նկատմամբ, ինչը ընդունելի չի կարող լինել եւ հակասում է մինչեւ այս տեղի ունեցած բանակցությունների, համաձայնությունների ոգուն եւ տառին»։