Կոչ ենք անում աշխարհին՝ բացե՛լ կյանքի ճանապարհը. Ստեփանակերտում մեկնարկել է հանրահավաքը
14 Հուլիսի 2023, 10:03
Արցախի շրջափակման 215-րդ օրը Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում մեկնարկել է հանրահավաք՝ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի բացման պահանջով: Հանրահավաքին մասնակցում են նաեւ Արցախի նախագահը, պետնախարարը, Մարդու իրավունքների պաշտպանը եւ այլ պաշտոնյաներ:
«Կոչ ենք անում աշխարհին՝ բացե՛լ կյանքի ճանապարհը, պաշտպանել սեփական հայրենիքում ապրող 120 000 հայերի իրավունքները: Մենք գիտենք, թե որն է Ադրբեջանի պահանջը. այն, ինչ տեղի է ունենում այսօր մեր շուրջը, ոչ այլ ինչ է, քան բռնի հպատակեցում, իսկ մենք դա չենք ուզում:
Չե՛նք ուզում, որ առանց մեր կարծիքը հարցնելու մեր դեմ որոշումներ կայացնեն, չե՛նք ուզում, որովհետեւ գիտենք՝ Արցախն ինչ կարագվիճակում էլ լինի Ադրբեջանի կազմում, նշանակում է՝ կկորցնի իր հայկականության լեգիտիմությունը ու կդադարի գոյություն ունենալ»,- հայտարարեցին հանրահավաքի մեկնարկին:
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը տեսաուղերձով հայտարարեց անժամկետ շարժում սկսելու մասին եւ, դիմելով արցախցիներին, ասաց` մենք զիջելու, լքելու Արցախ չունենք։ Պետնախարարը կոչ է արեց առավոտյան ժամը իննին հավաքվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում:
Հավելենք, որ խախտելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները, 2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը, «բնապահպանների» բողոքի ակցիայի պատրվակով, ապօրինի կերպով արգելափակել է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքը՝ անտեսելով Մոսկվայի, Վաշինգտոնի եւ Բրյուսելի հորդորները եւ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պահանջը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը։
Արցախի շրջափակումը չի դադարեցվել «բնապահպանների» ակցիայի ավարտից հետո: Ադրբեջանը ապօրինի անցակետ է տեղադրել Լաչինի միջացնքում, իսկ հունիս 15-ին, Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած սադրանքից հետո, Արցախը հայտնվել է լիակատար շրջափակման մեջ՝ ամբողջությամբ զրկվելով բոլոր տեսակի ապրանքների մատակարարումից:
Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակ լինելու պատճառով Արցախի 120 հազար քաղաքացիներ զրկված են ազատ տեղաշարժի, անգամ բուժառուներին Հայաստան տեղափոխելու հնարավորությունից ու տարրական կենսապայմաններից: