Ֆրանսիան պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը. Մակրոն
25 Հուլիսի 2025, 15:32
Ֆրանսիան սեպտեմբերին պաշտոնապես կճանաչի Պաղեստինի Պետությունը՝ դառնալով Մեծ Յոթնյակի առաջին երկիրը, որը նման որոշում է կայացնում։Այս մասին X-ում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։
Նա նշել է, որ պաշտոնական հայտարարությունը կարվի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում։
«Ես որոշել եմ, որ համաձայն Մերձավոր Արևելքում արդար և երկարատև խաղաղության իր պատմական հանձնառության՝ Ֆրանսիան կճանաչի Պաղեստինի Պետությունը։ Ես այս կարևոր հայտարարությունը կանեմ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առջև՝ գալիք սեպտեմբերին։ Այսօր հրատապ առաջնահերթությունը Գազայում պատերազմի դադարեցումն ու քաղաքացիական բնակչության վիճակի թեթևացումն է։ Խաղաղությունը հնարավոր է»,- գրել է Մակրոնը:
Նա հավելել է, որ հարկավոր է անհապաղ հրադադար, բոլոր պատանդների ազատ արձակում և Գազայի ժողովրդին լայնամասշտաբ մարդասիրական օգնություն, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի ապառազմականացում, Գազայի վերակառուցում։