Ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը պայմանագիր է կնքել «Բնեյ Սախնին»-ի հետ
26 Հուլիսի 2025, 11:42
Հայազգի հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելի առաջնությունում։ 29-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է կնքել «Բնեյ Սախնին» ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Տրանսֆերի մասին պաշտոնապես հայտարարել է իսրայելական թիմը, որը գլխավորում է Շարոն Միմերը։ Սա ակումբի հերթական ուժեղացումն է ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակներում։
Միրանյանն անցած մրցաշրջանն անցկացրել է «Ունիվերսիտատյա Կլուժ»-ի կազմում։ Ռումինական թիմի կազմում հայ ֆուտբոլիստը մասնակցել է 21 հանդիպման և դարձել 3 գոլի հեղինակ։ Արթուրն իր կարիերայի լավագույն նվաճումը ցուցադրել է 2023/24 մրցաշրջանում, երբ դարձել է Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ «Նոա»-ի կազմում անցկացրած 36 խաղում աչքի ընկնելով 23 գոլով, որն այդ մրցաշրջանում նվաճել էր արծաթե մեդալներ։
Իսրայելի առաջնության նախորդ մրցաշրջանում «Բնեյ Սախնին»-ը զբաղեցրել է 12-րդ հորիզոնականը՝ խուսափելով դուրս մնալուց: Արթուր Միրանյանը դարձել է Հայաստանի հավաքականի վեցերորդ խաղացողն Իսրայելի առաջնությունում։