Սյունիքում ԱՄՆ կառավարումն անհնար է. ՌՀՄ
25 Հուլիսի 2025, 20:12
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի կողմից Հայաստանի Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղու կառավարման մասին որոշում չի ընդունվի, քանի որ ԱՄՆ ներկայությունը տարածաշրջանում, որտեղ դարեր շարունակ կապեր են հաստատվել Ռուսաստանի հետ, անհնար է։
«Եթե մենք ապրում ենք այստեղ՝ տարածաշրջանում, որտեղ դարեր շարունակ հարաբերություններ են կառուցվում Ռուսաստանի հետ, ապա ի՞նչ Ամերիկա։ Հույս ունեմ, որ այդ որոշումը չի լինի։ Ասում են, թե Սյունիքով տրանսպորտային միջանցք են ուզում կառուցել ֆրանսիացիները, ամերիկացիները, անգլիացիները, 10 ընկերություն են անվանել։ Բայց ի՞նչ կապ ունեն նրանք։ Իսկ ի՞նչ է ուզում Հայաստանը։ Մենք դեմ չենք այդ երկրների հետ հարաբերություններին, բայց տրանսպորտային միջանցքը ոչ միայն քաղաքականություն է, այլև ճիշտ մոտեցման դեպքում տնտեսական օգուտ՝ հաշվի առնելով այդ ճանապարհի ռազմավարական կարևորությունը, որի մեջ այդքան շահագրգիռ կողմեր կան։ Բայց շահաբաժինների փոխարեն Հայաստանին առայժմ միայն վնաս է հասցվում»,- ասել է Աբրահամյանը։