Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա. Միխայիլ Թիլման

Քաղաքագետ, ԱՄՆ Քաղաքական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Միխայիլ Թիլմանը Alpha News-ի հետ զրույցում մեկնաբանել է, թե ինչ շահեր է հետապնդում ԱՄՆ-ը Հարավային Կովկասի տարածաշրջանում, և ինչով է պայմանավորված Հայաստանի վարչապետ Փաշինյանի այցը Ռուսաստան։

Ըստ փորձագետի՝ ամերիկացիների համար այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը» բավականաչափ գրավիչ կտոր չէ, նրանց հետաքրքրում է ավելի էական բան։

«ԱՄՆ-ին հետաքրքիր է Մետաքսի Մեծ ճանապարհի որևէ հատվածի վրա վերահսկողություն հաստատելը։ Եվ հենց Իրանի ու Հարավային Կովկասի նման երկու հատվածներն են ամենաիրատեսականը, քանի որ դրանից հետո գալիս են Թուրքիան, Եվրոպան և այլն։ Իսկ եթե գնալ դեպի Արևելք, ապա այնտեղ Միջին Ասիան է, որտեղ Ռուսաստանի, Չինաստանի ազդեցությունն այնքան մեծ է, որ ամերիկացիներին դժվար է դրա դեմ պայքարելը։ Ինչո՞ւ էին նրանք պատերազմում Իրանի հետ, խնդիրը Իսրայելի անվտանգության մեջ չէր, քանի որ Իսրայելի անվտանգությունն, առաջին հերթին, Իսրայելի խնդիրն է, իսկ ԱՄՆ-ի համար, բացի Իսրայելի անվտանգությունից, շատ հետաքրքիր է Իրանում ռեժիմի փոփոխությունը, որպեսզի այնտեղ լինեն մարդիկ, որոնք ամերիկամետ կլինեն, թույլ կտան ամերիկացիներին անել ամեն ինչ, ինչ ցանկանան։

Ամերիկացիների համար «Զանգեզուրի միջանցքը» բավականաչափ գրավիչ կտոր չէ։ Նրանց հետաքրքրում է ավելի էական բան։ Եթե ամերիկացիները համաձայնվեն զբաղվել այդ միջանցքով, այսպես ասած, Ադրբեջանի անունից, ապա մեծ հարց է՝ դրա դիմաց ինչ կտա Ադրբեջանը։ Անկեղծ ասած, ես կասկածում եմ, որ ամերիկացիները լրջորեն կզբաղվեն այս հարցով, նրանք հիմա շատ այլ խնդիրներ ունեն»,- ասել է Թիլմանը։

Քաղաքագետի խոսքով՝ Փաշինյանի այցը Ռուսաստան պայմանավորված է նրանով, որ Փաշինյանը փորձում է նստել երկու աթոռի վրա։

«Այս պահին Փաշինյանին պետք եղավ հայտնվել Մոսկվայում։ Փաշինյանը միշտ փորձել է երկու աթոռի վրա նստել, այսինքն՝ մերձենալ ԵՄ-ի, Արևմուտքի, ԱՄՆ-ի հետ, բայց, միևնույն ժամանակ, չզայրացնել Ռուսաստանին միանգամայն ակնհայտ պատճառներով։ Հայաստանը չափազանց կախված է Ռուսաստանից տնտեսական առումով, և այդ պատճառով ամբողջությամբ հարաբերությունները փչացնել չի կարելի։ Բացի այդ, Ռուսաստանի ռազմական բազան Հայաստանում է։ Երկրորդ պահն այն է, որ հիմա կտրուկ սրվել են ռուս-ադրբեջանական հարաբերությունները։ Եվ, համապատասխանաբար, Փաշինյանը հնարավորություն է փնտրում ձուկ որսալ այս պղտոր ջրում, քանի որ, բնականաբար, Ռուսաստանի և Ադրբեջանի հարաբերությունների սրումը Հայաստանին հնարավորություն է տալիս Մոսկվայից որոշակի նախապատվություններ ստանալ։ Հենց այդ պատճառով Փաշինյանը հանկարծ այդքան մտահոգվեց էկոլոգիայով, որ մինչև անգամ Ալթայ գնաց։ Հայաստանի շահերի տեսանկյունից Ռուսաստանի հետ վիճել ամենևին չի կարելի։ Փաշինյանը ցանկանում է երկու աթոռի վրա նստել, նա չի ցանկանում Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների հետագա սրում»,- եզրափակել է Թիլմանը։

Հիմա եթերում