Ֆրանսիացի խորհրդարանականները պահանջում են ազատ արձակել Արցախի առաջնորդներին
29 Հուլիսի 2025, 00:23
Ֆրանսիայի Ազգային ժողովում նոր բանաձև է ներկայացվել, որն Ադրբեջանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Արցախի առաջնորդներին և Բաքվի բանտերում պահվող մյուս հայ կալանավորներին։
Փաստաթղթում նշվում է, որ հայերի դատավարությունները Հայաստանի գոյությունը խաթարելուն ուղղված ավելի լայն քաղաքականության մաս են։ Բանաձևը դատապարտում է ոչ միայն ազատազրկումը, այլև Արցախի հայ բնակչության համակարգված ոչնչացումը, ինչպես նաև Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում մշակութային, պատմական և կրոնական ժառանգության ոչնչացումը։
«Անհրաժեշտ է վճռականորեն հանդես գալ Արցախի քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակման օգտին, որոնց կամայական կալանավորումը երկարաձգում է տարածաշրջանում ցավի և անարդարության շրջանը։ Այն, ինչ հիմա կատարվում է հայ կալանավորների հետ, Ադրբեջանի կողմից Հայաստանի գոյությունը ժխտելու համակարգված քաղաքականության մաս է։ Սա Արցախի Հանրապետության և Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող բոլոր տարածքներում հայ բնակչության արմատախիլ անելու, ինչպես նաև պատմական, մշակութային և կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման քաղաքականության շարունակությունն է»,- նշվում է բանաձևի նախագծում։
Միաժամանակ, բանաձևում ընդգծվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղ երկխոսության կարևորությունը, ինչպես նաև առաջարկվում է Հայաստանի ու Ֆրանսիայի միջև ձևավորել ռազմավարական գործընկերություն։