Կոնստանտին Օրբելյան․ Հայկական ջազի հայրը

29 Հուլիսի 2025, 22:10

Հայեր

Կոնստանտին Օրբելյանը ծնվել է 1928թ. հուլիսի 29-ին Արմավիրում՝ հայկական իշխանական Օրբելյան տոհմի ժառանգների ընտանիքում: Երաժշտական ունակություններն ի հայտ են եկել դեռ մանուկ հասակում։ Հինգ տարեկանում նա արդեն դաշնամուրի վրա նվագում էր ավագ եղբորից՝ Գարրից լսած մեղեդիները։ Նա ընդունվել է Բաքվի կոնսերվատորիային կից տաղանդավոր երեխաների համար նախատեսված հատուկ դպրոց՝ բացառիկ երաժշտական ունակությունների համար, սակայն շատ քիչ է սովորել այնտեղ։

1936-ին, երբ սկսվել են բռնաճնշումները, նրա հայրը՝ Աղապարոն Սուլթանի Օրբելյանը ձերբակալվել և գնդակահարվել է, իսկ 1938-ին մորը՝ Սոֆիա Միքայելի Աթարբեկովին ձերբակալել են, ապա ուղարկել ստալինյան ճամբար։ Կոնստանտինին հեռացրել են դպրոցից, և նա սկսել է աշխատել։ 11-ամյա Կոնստանտինը սկսել է գումար վաստակել․ նա նվագում էր մարզիկների համար՝ իրեն և եղբորը կերակրելու համար։

1942 թվականին նրան աշխատանքի են ընդունել ՀՕՊ 8-րդ կործանիչ ավիացիոն կորպուսի զինվորական նվագախմբում։ Եվ ահա մեկ տարի անց Երևանում հյուրախաղերի ժամանակ տաղանդավոր դեռահասին նկատել է Հայաստանի ջազ-նվագախմբի ղեկավար Արտեմի Այվազանը և հրավիրել իր նվագախումբ։ Այսպես սկսվել է նրա երկարամյա ստեղծագործական ուղին. սկզբում Օրբելյանը դաշնակահար էր, հետո՝ դիրիժոր, իսկ ավելի ուշ՝ նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որը նա ղեկավարել է 36 տարի:

1945 թվականից սկսել է երաժշտություն գրել, առաջին գործերից է «Օրորոցային»-ը։ 1952թ. ընդունվել է Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարան, ապա՝ Երևանի կոնսերվատորիա, որն ավարտել է գերազանցությամբ: 1956 թվականին դարձել է Հայաստանի պետական էստրադային նվագախմբի գեղարվեստական ղեկավարը, որը նրա ղեկավարությամբ դարձել է ԽՍՀՄ լավագույն ջազ նվագախմբերից մեկը։

Հետաքրքիր փաստ. 1956 թվականին Օրբելյանը Գրան Պրի է ստացել Մոսկվայում կայացած Երիտասարդության և ուսանողների համաշխարհային փառատոնում, որտեղ ժյուրիի նախագահն էր Դմիտրի Շոստակովիչը: Իսկ նրա «Տոնական նախերգանք»-ը 1962 թվականին արժանացել է Երիտասարդ կոմպոզիտորների համամիութենական մրցույթի բարձրագույն մրցանակին։

Նա հյուրախաղերով հանդես է եկել ավելի քան 40 երկրում, գրել է երաժշտություն ֆիլմերի, բալետների համար և դարձել առաջին հայը, ով արժանացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստի կոչմանը: Նրա ստեղծագործությունը ջազի, հայկական մեղեդու և էստրադային արտահայտչականության սինթեզն է։ Նույնիսկ ԱՄՆ արտագաղթելիս նա շարունակել է ծառայել երաժշտությանը՝ հավատարիմ մնալով հայկական մշակույթին։