Թեոդոսիայում ծաղիկներ են խոնարհել ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու շիրիմին

30 Հուլիսի 2025, 19:13

Մշակույթ

Աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան օրվա կապակցությամբ Թեոդոսիայի Սուրբ Սարգիս եկեղեցու բակում գտնվող նրա շիրիմի մոտ տեղի է ունեցել հոգեհանգստյան կարգ։

Արարողությունը գլխավորել են Սուրբ Խաչ վանքի վանահայր Տարոն վարդապետ Ղուլիկյանը և Սիմֆերոպոլի Սուրբ Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ, քահանա Ներսես Խանանյանը։

Հիշատակի միջոցառմանը ներկա են եղել քաղաքային վարչակազմի, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Այվազովսկու պատկերասրահի աշխատակիցներ, ինչպես նաև Սիմֆերոպոլի, Եվպատորիայի և Թեոդոսիայի հայ համայնքների անդամներ։

Արարողության ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել նկարչի շիրիմին՝ որպես հարգանքի և երախտագիտության տուրք։

Գեղանկարիչ, բարերար, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի պրոֆեսոր, Գեղարվեստի կայսերական ակադեմիայի ակադեմիկոս և պատվավոր անդամ Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականի հուլիսի 29-ին Թեոդոսիայում, որտեղ հիմնել է արվեստի դպրոց և պատկերասրահ, որը հետագայում կտակել է քաղաքին: Նրա եղբայրը՝ Գաբրիել Այվազովսկին, հայ առաքելական եկեղեցու արքեպիսկոպոս էր։

Այվազովսկին համարվում է բոլոր ժամանակների ամենամեծ ծովանկարիչներից մեկը։