Եթե «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, սահմանը կարող է բացվել. Թուրքիայի դեսպան

31 Հուլիսի 2025, 13:10

Քաղաքականություն

Թուրք-հայկական սահմանը կարող է բացվել։ Այս մասին ադրբեջանական APA-ին տված հարցազրույցում հայտարարել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը:

Դեսպանը նշել է, որ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական կարգավորման գործընթացները պետք է դիտարկել ընդհանուր։

«Երկու կարգավորման գործընթացներն էլ զուգահեռ են ընթանում։ 2022 թվականին նշանակվել են Թուրքիայի և Հայաստանի միջև կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչներ։ Հայտնի է, որ Թուրքիայի և Հայաստանի սահմանը փակ է 1993 թվականից՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի պատճառով։ Հայաստանը ծովային ելք չունի, և դրանից ամենաշատը տուժում է հայ ժողովուրդը։ Հայաստանը արևելքից և արևմուտքից սահմանակից է Ադրբեջանին և Թուրքիային, և այդ սահմանները փակ են։ Բոլորը կշահեն այս խաղաղությունից, բայց ամենաշատը՝ Հայաստանը»,- նշել է դեսպանը։

Աքգյունի խոսքով՝ եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել:

«Մենք ցանկանում ենք արագացնել կարգավորման գործընթացը։ Եթե կայուն խաղաղության համաձայնագիր ստորագրվի կամ նախաստորագրվի, և «Զանգեզուրի» միջանցքի վերաբերյալ պայմանները կատարվեն, թուրք-հայկական սահմանը կարող է բացվել ճիշտ ժամանակին՝ Անկարայի և Բաքվի միջև խորհրդակցությունների արդյունքում։ Սա կախված կլինի նրանից, թե ինչպես կզարգանա կարգավորման գործընթացը»,- ասել է թուրք դեսպանը։