Զատուլինն Ադրբեջանի կողմից Այվազովսկու հուշարձանի քանդումն անվանել է պետական մակարդակով վանդալիզմ

31 Հուլիսի 2025, 16:10

Քաղաքականություն

Ադրբեջանի իշխանությունների կողմից Լեռնային Ղարաբաղի Ստեփանակերտ քաղաքում աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու հուշարձանի քանդումը վանդալիզմի օրինակ է, որը խրախուսվում և հրահրվում է պետական մակարդակով: Այս մասին «Լենտա․ռու»-ի հետ զրույցում հայտարարել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի տեղակալ Կոնստանտին Զատուլինը:

«Բացի այն, որ դա բարբարոսական ակտ է, այն, ինչպես շատ բարբարոսություններ, հիմարություն է: Այվազովսկին համաշխարհային մակարդակի հանճար է, որին գնահատել են ինչպես Ռուսական կայսրությունում, այնպես էլ ամբողջ աշխարհում», — ասել է նա։

Պատգամավորի խոսքով՝ նախկին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հայկական մշակութային ազդեցության դեմ պայքարող այդ «հրաշալի» մարտիկներն, ըստ էության, չեն սահմանափակվելու միայն Այվազովսկու արձանի ապամոնտաժմամբ:

«Նրանք հասցրել են պղծել նաև խորհրդային նշանավոր զորահրամանատարների հուշարձանները, որոնք ծնունդով հայկական Չարդախլու (Խաչիսար) գյուղից էին, նրանք բռնել են կրոնական հուշարձանների քանդման ուղի՝ ոչնչացնելով մեծ թվով խաչքարեր»,- նշել է պատգամավորը:

Զատուլինը նաև ընդգծել է, որ այսօր Ադրբեջանում պաշտոնական մակարդակով առաջ է քաշվում Արցախի պատմամշակութային հուշարձանների, այդ թվում՝ 6-րդ, 10-րդ, 11-րդ, 12-րդ դարերի վանքերի, իբր ոչ հայկական ծագման մասին տեսությունը:

«Սա բարբարոսություն է և այս բարբարոսությունը փորձում են հիմնավորել այսօրվա Ռուսաստանի կամ, ասենք, Հայաստանի հետ լարված հարաբերություններով։ Եվ երկրի ղեկավարությունը կա՛մ աչք է փակում, կա՛մ ուղղակի խրախուսում է այդ բարբարոսական գործողությունները», — եզրափակել է Զատուլինը։