Ադրբեջանը ՌԴ-ից ակնկալում է դադարեցնել ադրբեջանական տեղանունների աղավաղումները․ Հաջիզադե

01 Օգոստոսի 2025, 00:34

Քաղաքականություն

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Այհան Հաջիզադեն խոսել է Հովհաննես Այվազովսկու կիսանդրու ապամոնտաժման վերաբերյալ Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյի հայտարարության, ինչպես նաև ադրբեջանական Խանքենդի քաղաքի վերաբերյալ ՏԱՍՍ լրատվական գործակալության հրապարակման մեջ «Ստեփանակերտ» անվան օգտագործման մասին:

Հարց — Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն, մեկնաբանելով Ադրբեջանի Հանրապետության Խանքենդի քաղաքում Հովհաննես Այվազովսկու կիսանդրու ապամոնտաժումը, հայտարարել է, որ այդ քայլը խորը ափսոսանք է առաջացրել, գնահատվել է որպես ոչ բարեկամական և տհաճ քայլ Ռուսաստանի նկատմամբ: Նա ադրբեջանական կողմին զգուշության կոչ է արել, հայտարարել, որ դադարեցնեն հուշարձանների դեմ պատերազմը» և «ռուսական մշակույթի վերացումը»: Ռուսաստանի Դաշնության պետական ՏԱՍՍ լրատվական գործակալության հրապարակած հոդվածում Խանքենդի քաղաքն անվանվում է «Ստեփանակերտ»: Ինչպես կմեկնաբանեք ռուսական կողմի այս հայտարարությունները։

Պատասխան — Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոն առաջին անգամ չէ, որ որոշակի հանձնարարությամբ մասնակցում է հակաադրբեջանական արշավին:

Հայազգի նկարիչ Հովհաննես Այվազովսկու (Հովհաննես Այվազյան) կիսանդրու տեղադրումը մեր տարածքում, առանց ադրբեջանական կողմի համաձայնության, ռուս խաղաղապահների կողմից անօրինական է եղել։ Դա Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ Ռուսաստանի կողմից անհարգալից վերաբերմունքի դրսևորում էր։

Ադրբեջանական տարածքների օկուպացիայի շրջանում ապօրինի տեղադրված այսպես կոչված հուշարձանների ապամոնտաժումը տրամաբանական, արդար և օրինական քայլ է:

Ադրբեջանում ռուսական մշակույթի իբր «չեղարկման» մասին պարոն Շվիդկոյի հայտարարությունները հերթական սուտն են։ Չնայած երկու երկրների միջև այս ոլորտում ակնհայտ անհավասարակշռությանը, Ադրբեջանում ոչ ոք չի չեղարկում ռուսական մշակույթը: Ադրբեջանում գործում են ռուսական թատրոն, ռուսերեն դասավանդմամբ դպրոցներ, տպագրվում են ռուսերեն լեզվով տպագիր հրատարակություններ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանում բացակայում են ադրբեջաներեն լեզվով թատրոններ, դպրոցներ, թերթեր կամ ամսագրեր։ Չնայած դրան, մենք Ռուսաստանում ադրբեջանական մշակույթը «վերացնելու» մեղադրանք չենք առաջադրում։ Սակայն Ռուսաստանի բարձրաստիճան պաշտոնյաները պետք է հասկանան, որ եթե հակաադրբեջանական գործողություններն ու հայտարարությունները շարունակվեն, Ադրբեջանի կողմից նշված անհավասարակշռության վերանայումը չի բացառվում:

Հատկանշական է, որ վերջերս Ադրբեջանի օկուպացիայից ազատագրված տարածքներ, մասնավորապես Շուշա քաղաք կատարած այցի ժամանակ պարոն Շվիդկոն, ծանոթանալով Նաթավանի, Ուզեյիր Հաջիբեյլիի, Բյուլբյուլի և ադրբեջանական մշակույթի այլ գործիչների հուշարձանների նկատմամբ վանդալիզմի ակտերին, ինչպես նաև ավերածությունների մասշտաբներին, համարձակություն չգտավ դատապարտել այդ փաստերը, ինչը ափսոսանք է առաջացնում:

Ռուսաստանի Դաշնության պաշտոնական պետական գործակալության՝ ՏԱՍՍ-ի հրապարակման մեջ Խանքենդի քաղաքը «Ստեփանակերտ» անվանելը գնահատվում է որպես անհարգալից վերաբերմունք մեր երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ և վիրավորական քայլ:

Այս կապակցությամբ կցանկանայի հիշեցնել ռուսական կողմին, որ 1923 թվականին բուն ադրբեջանական հողերում ստեղծված Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքում Խանքենդի քաղաքի ապօրինի անվանափոխումը «Ստեփանակերտ»՝ ի պատիվ բոլշևիկ Ստեփան Շահումյանի, որը դաշնակների հետ համատեղ իրականացրել է ադրբեջանցիների զանգվածային սպանությունները, վիրավորանքի ակտ էր Ադրբեջանի հասցեին։

Մենք ռուսական կողմից ակնկալում ենք դադարեցնել ադրբեջանական տեղանունների աղավաղումները և մեր տարածքներում ոչ լեգիտիմ անջատողական ռեժիմի կողմից կիրառված անունների օգտագործումը։ Հակառակ դեպքում, փոխադարձության սկզբունքի համաձայն, Ադրբեջանն իրեն իրավունք կերապահի Ռուսաստանի շատ բնակավայրեր նշել իրենց պատմական անուններով։

Մենք նաև ակնկալում ենք ՏԱՍՍ լրատվական գործակալության ներողությունը և համապատասխան ուղղում այս հարցի վերաբերյալ: Հակառակ դեպքում, օրենսդրության համաձայն, միջոցներ կձեռնարկվեն Ադրբեջանում ՏԱՍՍ-ի գործունեության նկատմամբ: