Ռուսաստանը միջոցներ կձեռնարկի՝ «Վերին Լարս»-ով հացահատիկով բեռնատարների անցումն ապահովելու համար․ Օվերչուկ

Ռուսաստանի կառավարությունը Հայաստանի խնդրանքով հանձնարարել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել «Վերին Լարս» անցակետով ՌԴ-ից հացահատիկով բեռնված բեռնատարների անցումը կազմակերպելու համար: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը:

«Հայաստանի խնդրանքով Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմիններին հանձնարարվել է լրացուցիչ միջոցներ ձեռնարկել Ռուսաստանից Հայաստան հացահատիկով բեռնատարների «Վերին Լարսով» (ռուս-վրացական սահմանի անցակետ — խմբ.) անցումը կազմակերպելու համար, որոնց երթևեկությունը սահմանափակվել է վատ եղանակի և սելավահոսքի պատճառով: Փորձում ենք նվազագույնի հասցնել Հայաստանին անհրաժեշտ հացահատիկի մատակարարումների ձգձգումները», — հայտարարել է Օվերչուկը։

Ռուսաստանի ԱԻՆ Հյուսիսային Օսիա-Ալանիայի Հանրապետության գլխավոր վարչության հաղորդմամբ՝ հուլիսի 31-ից մինչև օգոստոսի 1-ը սելավային հոսքերի վտանգի պատճառով ժամանակավորապես արգելվել է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների երթևեկությունը Ռազմավիրական ճանապարհով ՌԴ-ից դուրս գալու ուղղությամբ:

Հիմա եթերում