Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, սկսելու ենք Վանաձորից. Նարեկ Կարապետյան

04 Օգոստոսի 2025, 15:10

Քաղաքականություն

Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի: Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ Նարեկ Կարապետյանը։

«Բացի Երևանից, շրջանների մեծ մասում ունենք բնակչության թվի նվազում, չունենք նաև երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմնարկներ, ինստիտուտներ: Հայաստանի արդյունաբերականացումն այլընտրանք չունի: Մեր երկրի գլխավոր խնդիրն աշխատանքն է։ Մեր քաղաքական թիմն առաջարկելու է երկրին նոր զարգացման ուղի, ընտրվում է ռեգիոնը և դրա հիմքի վրա ստեղծվում է արդյունաբերական զարգացման ծրագիր։ Սկսելու ենք Վանաձորից»,-ասել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ վերջին 30 տարվա ընթացքում Վանաձորում ընդամենը երեք խոշոր գործարան է կառուցվել։

«Սովետական միության փլուզումից հետո մեր արդյունաբերական պոտենցիալը ոչնչացվել է, իսկ վերջին տարիներին մենք ոչ թե փորձել ենք դա վերականգնել, այլ ինչ-որ փոքր ծառայություններ մատուցող ընկերություններով ապահովել մարդկանց զբաղվածությունը։ Վանաձորի բնակչության թիվը չի կարող չնվազել, եթե քաղաքում գործարաններ չկան։ Մարզերում տնտեսությունն ակտիվացնելու ու բնակչության թիվն ավելացնելու միակ տարբերակը գործարաններ կառուցելն է»,- ասել է Նարեկ Կարապետյանը։